Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ունեցած հանդիպումից հետո պատասխանել է նաև լրագրողների հարցերին։
Իսպանացին մասնագետին հարց է ուղղվել այն մասին՝ որքանո՞վ է իրեն դժվարությամբ տրվել Հայաստանի օրհներգի բառերը յուրացնելը․
«Շատ դժվարությամբ եմ սովորել օրհներգի բառերը, բայց շատ կարևոր էր, որ կարողանայինք ինտեգրվել հայ հասարակությանը այն հասարակությանը, որը մեզ գրկաբաց ընդունեց։ Մեզ գրկաբաց ընդունեց նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ նախագահի գլխավորությամբ, մեզ հետ հույսեր կապեցին, ես էլ իմ կողմից ցանկացա սովորել Հայաստանի օրհներգը»։
Ի դեպ, երեխաներից մեկը, Կապառոսի հետ հանդիպման ժամանակ, նաև հարց է ուղղել՝ արդյոք իսպանացի մասնագետը սիրե՞լ է Հայաստանն ու այցելե՞լ է մեր երկրի տեսարժան վայրերը․
«Մեզ այստեղ սիրաշահել են, արդեն սիրում եմ ձեր երկիրը: Բառերով այդ ամենն ասելը հեշտ է, բայց մեր գործողություններով ենք ցույց տալիս, որ ձեզնից մեկն ենք: Ես ու իմ մարզչական շտաբի անդամները դարձել ենք Հայաստանի դեսպանները։ Իսպանիայում Հայաստանի մասին շատ են խոսում»,- ասել է Խոակին Կապառոսը։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը պատմել է՝ օրերս անդալուսական հեռուստաալիքներից մեկով ռեպորտաժ է ցուցադրվել իրենց մասնակցությամբ, որում անդրադարձ է եղել ոչ միայն ֆուտբոլին, այլև Հայաստանին ու մեր գեղեցիկ մայրաքաղաքին՝ Երևանին։