Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 3 ներկայացուցիչ ունի 1/8 եզրափակիչ փուլում:
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, գյումրեցի Հովհաննես Բաչկովը (63 , 5կգ) երեկոյան ուժերը կչափի իտալացի Ջիանլուիջի Մալանգայի հետ: Գյումրեցի մեր մյուս բռնցքամարտիկը՝ 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը ևս պայքարի դուրս կգա երեկոյան. նա կմենամարտի ամերիկացի Հիլլ Ռոսկոյի դեմ:
Իսկ մինչ այդ՝ ցերեկային մրցահերթում, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը կմրցի կուբացի Օվսել Գարսիա Կաբալերոյի հետ:
Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: Գյումրեցի մարզիկը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ վաղը՝ նոյեմբերի 2-ին, կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ Լազիզբեկ Մուլուջոնովի հետ: Այս փուլում հաղթանակի հասնելու դեպքում հայ բռնցքամարտիկը կապահովի առնվազն բրոնզե մեդալ: