Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, նշում է ծննդյան 39-րդ տարեդարձը:
Արոնյանը 2005 և 2017 թվականների աշխարհի գավաթակիր է, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թվականի աշխարհի և 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող (2007, 2008, 2012 և 2014), 2009 և 2013 թվականների Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002 թվականի Հայաստանի չեմպիոն։ 2011 թվականին Մոնակոյում նա մասնակցեց «կույր» և արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարին և դարձավ նրա վերջին հաղթողը (մրցաշարն այլևս չի անցկացվելու)։
2010 թվականի նոյեմբերին Լևոն Արոնյանը դասական շախմատում առաջին անգամ գերազանցեց 2800 միավորի սահմանը (2801) և դարձավ աշխարհում վեցերորդ շախմատիստը (աշխարհի չեմպիոններ Գարի Կասպարովից, Վլադիմիր Կրամնիկից, Վիշվանաթան Անանդից, Վեսելին Տոպալովից, ինչպես նաև նորվեգացի Մագնուս Կառլսենից հետո), որին հաջողվել է հաղթահարել անհատական վարկանիշի այդ գերգրոսմայստերական նիշը։ Հետագայում 2800-ի շեմը հաղթահարեցին նաև իտալացի Ֆաբիանո Կարուանան (այժմ ներկայացնում է ԱՄՆ-ը), ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը և չինացի Դին Լիրենը։ Իր առավելագույն վարկանիշով (2830) Լևոն Արոնյանը զիջում է միայն Մագնուս Կառլսենին (2881), Գարի Կասպարովին (2851) և Ֆաբիանո Կարուանային (2844)։
2014 թվականին Լևոն Արոնյանն արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչման:
ArmSport-ը սիրով շնորհավորում է Լևոն Արոնյանին՝ մաղթում առողջություն և հետագա հաջողություններ կարիերայում: