Հայաստանի Մ-21 հավաքականի նորեկ, «Ալաշկերտի» պաշտպան Արտյոմ Գյուրջյանը հարցազրույց է տվել ՀՖՖ TV-ին:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ին Հայաստանի Մ-21 հավաքականը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլի H խմբում Երևանում կմրցի Սերբիայի հասակակիցների հետ, իսկ հոկտեմբերի 12-ին՝ կհյուրընկալի Հյուսիսային Մակեդոնիայի մինչև 21 տարեկանների հավաքականին:
«Հայս հայ է: Ֆուտբոլ սկսել եմ խաղալ 6 տարեկանում: 12 տարեկանից համալրել եմ «Ռոստովի» ակադեմիան: 2 տարի անց սկսեցի հանդես գալ Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում: Մեկ ամիս առաջ տեղափոխվեցի «Ալաշկերտ»:
Արդեն հասցրել եմ մարզվել տղաների հետ, ճանաչում եմ նրանց: Գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը շատ էր ցանկանում ինձ տեսնել իր թիմում, ՀՖՖ-ից հրավերը ստանալուն պես միանգամից ընդունեցի այն: Շատ հպարտ եմ, որ ներկայացնելու եմ Հայաստանը: Կանեմ ամեն ինչ թիմին օգնելու համար:
Պատրաստվում ենք Սերբիայի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերին: Թիմը մեծ ներուժ ունի, կարող ենք հասնել հաջողության հասնել: Բոլորին սպասում եմ մարզադաշտում: Երկրպագուների աջակցությունը շատ կարևոր է մեզ համար»,- ասել է 21-ամյա ֆուտբոլիստը:
Մանրամասները ՀՖՖ-ի ներկայացրած տեսանյութում.