Կանադացի Միլոշ Ռաոնիչը, ով երեք սեթում Մարին Չիլիչին հաղթելուց հետո դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, գնահատել է իր շանսերը աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչի դեմ պայքարում։
«Պետք է ասեմ, որ ես ինձ շատ լավ եմ զգում։ Ես բողոքելու որևէ բան չունեմ։ Ես գոհ եմ, թե ինչպես են գործերս ընթանում։ Ուրախ եմ, որ շանս ունեմ խաղալ Ավստրալիայի բաց առաջնությունում երկու օր անց ևս։ Առայժմ այս մրցաշարը շատ լավ է դասավորվում ինձ համար։ Հուսով եմ՝ առջևում դեռ շատ հետաքրքիր պահեր կան։
Ես թարմ եմ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես՝ հաշվի առնելով, որ սա տարվա սկիզբն է։ Ես շատ ժամանակ եմ ունեցել նախապատրաստվելու համար մինչմրցաշրջանում։ Դա ինձ շատ է օգնում»,-Ռաոնիչի խոսքերն է մեջբերում ATP-ի պաշտոնական կայքը։
Նշենք, որ բացի Նովակ Ջոկովիչից ու Միլոշ Ռաոնիչից քառորդ եզրափակչի ուղեգիր են նվաճել նաև Ռոջեր Ֆեդերերն ու Թենիս Սանդգրենը։