«Ուրարտուի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Անատոլի Այվազովը հարցազրույց է տվել երևանյան ակումբի մամուլի քարտուղարությանն ու պատմել թիմի ներկայիս վիճակի ու իր մարզավիճակի մասին։
«ՈՒՐԱՐՏՈԻԻ» ՎԵՐՋԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Վերջին երեք խաղերի արդյունքներն, իհարկե, գոհացուցիչ չէին․ երեք պարտություն, ոչ մի խփած գոլ։ Բայց ես կարծում եմ, որ թիմը լավ ֆուտբոլ է ցուցադրում։ Մենք գերազանցում ենք մրցակիցներին գնդակին տիրելու առումով, շատ պահեր ենք ստեղծում, պարզապես գնդակը չի հայտնվում դարպասում, և մենք ինչ-որ պահի կորցնում ենք կենտրոնացվածությունը, ինչը ֆուտբոլում աններելի է։ Հասկանալի է, որ բոլորը գիտակցում են՝ ինչ դիրքում ենք մենք այժմ գտնվում, բոլորն անհանգստանում են, բայց սարսափելի ոչինչ չկա։ Առջևում շատ խաղեր կան, այս պահին թիմին պետք է հանգստանալ, վերլուծել նախորդ խաղերը, հասկանալ՝ ինչ խնդիրներ կան։ Մենք բավական ուժեղ թիմ ունենք, կարծում եմ՝ դուրս կգանք այս իրավիճակից ու հաղթանակները անպայման շատ կլինեն»։
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԹԻՄԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ յուրովի է ընդունում կրած պարտությունը։ Ես կարծում եմ, որ բոլորս պետք է վերլուծենք խաղերը նրա համար, որպեսզի տեսնենք՝ ինչը ստացվեց, իսկ ինչը՝ ոչ․ պարտությունն էլ ֆուտբոլի մի մասն է։ Չէի ասի, որ մեր թիմը հոգեբանորեն ընկճված վիճակում է գտնվում, ամեն բան դեռ առջևում է, և որքան շուտ մենք եզրակացություններ անենք վերջին խաղերից, այդքան շուտ դուրս կգանք այս իրավիճակից։ Մեծ հաշվով ոչ մի ճնշում չկա հանդերձարանում»։
ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
«Լավ ֆիզիկական մարզավիճակում եմ գտնվում, քանի որ անցկացրել եմ լիարժեք նախապատրաստական շրջան, բացի այդ շատ խաղերի եմ մասնակցել, հասցրել եմ մարզավիճակ հավաքել։ Բայց մշտապես պետք է աշխատել, ավելացնել, ավելի բարելավել այն, սա պետք է ոչ միայն ինձ, այլև մեր թիմին»։