Ֆրանսիական Լիգա 1-ի 6-րդ տուրում ՊՍԺ-ն հաղթել է «Լիոնին»: Հանդիպումը կայացել է Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում և ավարտվել 2-1 հաշվով:
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին 76-րդ րոպեին փոխարինվել է: Նրան փոխարինել է Աշրաֆ Հաքիմին: Արգենտինացին, դժգոհ լինելով փոխարինումից, չի սեղմել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ձեռքը:
Հանդիպման ավելացված ժամանակում ՊՍԺ-ի մեկ այլ արգենտինացի ֆուտբոլիստ՝ Մաուրո Իկարդին գոլի հեղինակ է դարձել ու հաղթանակ պարգևել փարիզեցիներին: Համացանցում կադրեր են հայտնվել, որտեղ երևում է՝ ինչպես է ՊՍԺ-ի պահեստայինների նստարանը ոտքի կանգնել՝ մեծ խանդավառությամբ ծափահարելով Իկարդիին, սակայն Մեսսին բավականին անտարբեր է մնացել տեղի ունեցածին:
Հիշեցնենք՝ ՊՍԺ-ը 6 խաղից հետո 18 միավոր է վաստակել ու Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում: «Լիոնը» 8 միավորով գտնվում է 9-րդ տեղում:
Նախկինում շշուկներ էին տարածվել նաև, որ Մեսսին Մաքսի Լոպեսի հետ ընկերության պատճառով չի ցանկանում Իկարդիին տեսնել Արգենտինայի ազգային հավաքականում: Լոպեսն ու Իկարդին մտերիմ ընկերներ էին, քանի դեռ Լոպեսի կինը՝ Վանդա Նարան, չլքեց նրան ու ամուսնացավ Մաուրոյի հետ: