Հայաստանի Երիտասարդական հավաքականի՝ Լյուքսեմբուրգի նկատմամբ 2-0 հաշվով հաղթանակը Եվրո-2021-ի ընտրական փուլի խաղում լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանեց մեր ընտրանու ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը:
«Շատ դրական տպավորություններ ունեմ: Հաճելի է, որ կարողացանք հասնել հաղթանակի: Բոլորս խաղից հետո շատ ուրախ ենք:
Դրական լիցքեր ենք ստացել:
Ինչպես գիտեք՝ երկար ժամանակ բաց էի թողել: Ինձ դեռ ժամանակ է պետք, որ կարողանամ իմ լավագույն մարզավիճակը հավաքել: Ես էլ եմ գտնում, որ ավելի լավ կարող եմ խաղալ, քան այսօր ցույց տվեցի: Բայց կարևոր է, որ կարողացանք հաջողության հասնել:
Հիմա ամենակարևորն արագ վերականգնվելն է, որ կարողանանք ամբողջ ուժով ներկայանալ Իտալիայի հավաքականի հետ խաղին: Կդիտենք նրանց խաղերը, կփորձենք վերլուծել:
Իմ կարծիքով՝ խաղի որակը գոհացուցիչ էր, վերահսկում էինք գնդակը: Իհարկե, կարող ենք ավելի լավ խաղալ, սա մեր առավելագույնը չէ»: