Օգոստոսի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես, «Արարատ»-«Նոա» (ՊԼ003) խաղին՝ «Նոա» թիմի ֆուտբոլիստ Միխայիլ Կովալենկոյի (N 34482) հեռացման մասին (մրցավարի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար)։ Որոշվել է Կովալենկոյին որակազրկել մինչև 31.08.2021թ-ը, իսկ «Նոա» ՖԱ ՀԿ ակումբի նկատմամբ նշանակել տուգանք 30000 ՀՀ դրամի չափով:
Հաջորդ հարցը վերաբերել է «Ալաշկերտին»․ «Արարատ-Արմենիայի» հետ խաղից հետո «Ալաշկերտ» ՖԱ-ի մարզիչը ֆլեշ հարցազրույցին ներկայացել է առանց թարգմանչի, իսկ ֆուտբոլիստ ընդհանրապես չի ներկայացել ֆլեշ հարցազրույցի: Ինչպես նաև խաղը անցկացվել է ոչ ՀՖՖ-ի կողմից տրամադրված գնդակով:
Արդյունքում որոշվել է «Ալաշկերտ» ՖԱ ակումբին հայտարարել նկատողություն և նշանակել տուգանք
30000 ՀՀ դրամի չափով:
Երրորդ հարցը՝ «Նորավանք»-«Փյունիկ» (ՊԼ006) խաղի մասին.
1.Խաղի 40-րդ րոպեին «Փյունիկ» ՖԱ-ն կիրառել է նկարահանող անօդաչու թռչող սարք, որի օգտագործումը նախախաղային ժողովի ժամանակ չէր քննարկվել: Զգուշացնելուց հետո սարքը իջեցվել է:
2. Խաղադաշտում տեղադրված էին առաջնության գլխավոր հովանավորի վահանակները, բայց ոչ պատշաճ, քանի որ դրանք 2020-2021 մրցաշրջանի համար նախատեսված վահանակներն էին:
Որոշվել է «Նորավանք» և «Փյունիկ» ակումբներին հայտարարել նկատողություն։
Նկատողություն է համարվում Կարգապահական և Էթիկայի կոմիտեի կողմից ընդունված և հրապարակված որոշումը, որի չկատարումը հետագայում հանգեցնելու է ավելի խիստ պատժամիջոցների կիրառման։
Նիստի ամբողջական արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ: