Հունահռոմեական ոճի ռուսաստանցի ըմբիշ Մուսա Եվլոևը մեկնաբանել է Տոկիո-2020-ի 97 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտից հետո մրցավարությունից վերջինիս դժգոհությունը։ Եվլոևի խոսքերը ներկայացրել է TACC-ը։
-Եզրափակչում Ձեր մրցակից Արթուր Ալեքսանյանը շատ դժգոհ էր մրցավարներից ու այսպիսի արտահայտություն արեց․ «պիտի Ռուսաստանից լինես, որ հաղթես»։ Ի՞նչ եք մտածում այդ մասին։
-Նա երեք տարի անընդմեջ ինձ պարտվում է բոլոր մրցաշարերում, որտեղ հանդես ենք գալիս։ Պիտի առաջին հերթին իր մեջ վերլուծություններ անի։ Չգիտեմ՝ ինչու է այդպես ասել։ Իսկ այնպես մենք նորմալ շփվում ենք, նա լավ տղա է։
-Դուք նույնիսկ ընկերաբար շոյեցիք նրա գլուխը, երբ եզրափակիչ գոտեմարտն ավարտվեց։
-Նա ինձ շնորհավորեց հաղթանակի առթիվ, դե ես էլ նրան շնորհավորեցի լավ գոտեմարտի համար։ Մենք լավ հարաբերություններ ունենք, կոնֆլիկտ չկա։