Այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, «Արարատ-Արմենիայի» խաղացող Ժիրայր Շաղոյանը կարող էր տեղափոխվել Մոսկվայի «Դինամո», բայց վերջին պահին խաղացողը մերժել է Մոսկովյան ակումբի առաջարկը, հայտնում է լրագրող Արարատ Մամբրեյանն իր տելեգրամյան ալիքում։
«Ժելկո Բուվաչը և Սանդրո Շվարցը հետաքրքրված էին, որ Շաղոյանը թիմի հետ մեկներ Ավստրիայի ուսումնամարզական հավաք: Ակումբը պաշտոնապես տեղեկացրել էր «Արարատ-Արմենիային», որ պատրաստ է փորձաշրջանի հրավիրել տաղանդավոր խաղացողին, իսկ հետագայում նրան անել կոնկրետ առաջարկ:
Ակումբները համաձայնության էին հասել, սակայն վերջին պահին ինքը՝ Շաղոյանը, հրաժարվել է առաջարկից: «Դինամոյի» ներկայացուցիչները հանդես են եկել պաշտոնական առաջարկով, խաղացողի համար տոմս էին գնել, սակայն Մոսկվա մեկնելուց առաջ Շաղոյանը որոշել է մնալ Հայաստանում:
Շաղոյան-Զախարյան դուետը մնաց թղթի վրա: Ըստ ամենայնի, Շաղոյանը և նրա հայրը որոշել են, որ մեկ տարի անց նա կունենա շատ ավելի լավ առաջարկ, քան Մոսկվայի «Դինամոյի» առաջարկը:
«Դինամոն» հանդես եկավ կոնկրետ առաջարկով: Մոսկովյան ակումբն այժմ զարգանում է բոլոր ուղղություններով: Ակումբն իսկապես ուժեղացել է, և մեծ է հավանականությունը, որ այս մրցաշրջանում կապույտ-սպիտակները կարող են հաջողություններ գրանցել Ռուսաստանի առաջնությունում:
Բուվաչի նման սելեկցիոները իսկապես հետաքրքրված էր հայ երիտասարդ տաղանդի ծառայություններով: Մինչև վերջերս նրանք հույս ունեին, որ հայ ֆուտբոլիստը կմիանա «Դինամոյի» հավաքին: Թե ինչ կլինի հետո, ժամանակը ցույց կտա»,- գրում է Մամբրեյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ իսպանական «Սևիլյան» հետաքրքրություն է ցուցաբերել Շաղոյանի նկատմամբ, սակայն հետաքրքրությունը կոնկրետ բանակցությունների չի հասցրել: