Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» կմրցի Մոլդովայի ամենատիտղոսակիր ակումբի՝ «Շերիֆի» հետ։
Ըստ Transfermarkt պորտալի, հայկական թիմի մրցակցի ամբողջական կազմը գնահատվում է 11,63 մլն եվրո։ Թիմի կազմում ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն են կոլումբիացիներ Հանսել Զապատան և Ֆրանկ Կաստանեդան։ Առաջինը հանդես է գալիս կիսապաշտպանությունում, իսկ երկրորդը՝ հարձակվող է, ինչպես նաև թիմի ավագը։ Երկու ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքն էլ գնահատվում է 1 միլիոն եվրո։ Երրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը բրազիլական արմատներ ունեցող կիսապաշտպան Լուվանորն է (800 հազար եվրո), ով ունի նաև Մոլդովայի քաղաքացիություն և Մոլդովայի հավաքականի կազմում անցկացրել է 4 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Հատկանշական է, որ «Շերիֆի» կազմը գրեթե 2,5 անգամ ավելի թանկ արժե, քան Մոլդովայի առաջնության երկրորդ ակումբի կազմը նմանատիպ ցուցանիշով («ՖԱ Պետրոկուբ»)։
Իսկ ահա «Ալաշկերտի» կազմը գնահատվում է գրեթե երկու անգամ պակաս՝ 5,83 մլն եվրո․ այդ ցուցանիշով Ալեքսանդր Գրիգորյանի թիմը լավագույնն է ՀՊԼ-ում։ Հայկական թիմում ամենաբարձր տրանֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստներն են բրազիլացի Տյագու Կամետան և ֆրանսիացի Վինսենտ Բեզեկուրը․ նրանց տրանսֆերային արժեքը գնահատվում է 350 հազար եվրո։
Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրի՝ «Ալաշկերտ» – «Շերիֆ» հանդիպումը կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում։ Հանդիպումը կկայանա հուլիսի 20-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղում «Արարատը» սեփական հարկի տակ կընդունի լեհական «Շլյոնսկին»։
Լեհական թիմի կազմն ըստ Transfermarkt-ի գնահատվում է 12,25 մլն եվրո, ինչը 8-րդ ցուցանիշն է լեհական ակումբների շրջանում։ Թիմի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը չեխ կիսապաշտապան Պյոտր Շվարցն է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 1,5 մլն եվրո։ Լեհական թիմի կազմում կա ևս մեկ ֆուտբոլիստ, ում տրանսֆերային արժեքը հատում է միլիոն եվրոն․ դա 20-ամյա լեհ հարձակվողական ոճի կիսապաշտապան Մատեուշ Պրաժելիկն է։
Իսկ ահա «Արարատի» կազմը գնահատվում է 3,9 մլն եվրո, որը 6-րդ ցուցանիշն է հայկական ակումբների շրջանում։ Թիմի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը հարձակվող Մորի Կոնեն է, ում տրանֆերային արժեքը կազմում է ամբողջ թիմի արժեքի 10%-ը՝ 400 հազար եվրո։
Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին Գյումրու Քաղաքային մարզադաշտում և կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում։ «Արարատ»-«Շլյոնսկ» հանդիպման մեկնարկը 17։00-ին է։
Սակայն այս թվերը իրենցից ներկայացնում են զուտ սուբյեկտիվ բնույթ։ Օրինակ, նախորդ փուլում «Արարատը» հաղթահարեց հունգարական «Ֆեհերվարի» արգելքը, որի ամբողջական կազմը գնահատվում էր 22,18 մլն եվրո։ Դա գրեթե երկու անգամ ավել է, քան լեհական «Շլյոնսկի» նմանատիպ ցուցանիշը։ Այնպես որ․․․ թվերը զուտ արտացոլվում են թղթի վրա, իսկ արդյունքները գրանցվում են խաղադաշտում․․․