ՈւԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» սեփական ակադեմիայի մարզադաշտում ընդունել է «Մարիբորին» և նվազագույն հաշվով պարտություն կրել՝ լքելով մրցաշարը։
Երևանյան ակումբի դարպասապահ Անատոլի Այվազովը «Ուրարտուի» մամուլի քարտուղարության հետ զրույցում ամփոփել է եվրագավաթային հանդիպումը․
«Կարող եմ ասել՝ ինչպես առաջին խաղում, այնպես էլ այս անգամ բարդ հանդիպում ստացվեց, բայց կարծում եմ՝ երկու դեպքում էլ մենք պարտության արժանի չէինք։ Ամենևին էլ վատ տեսք չունեինք։ Պարզապես կարծում եմ՝ երկու խաղում էլ պարտություն կրեցինք մեր թույլ տված սխալների պատճառով։ Կարծում եմ՝ մենք ևս արժանի էինք հաջորդ փուլ դուրս գալուն։
«Մարիբորը» շատ կազմակերպված թիմ էր՝ լավ ֆուտբոլիստներով։ Գիտեինք, թե ինչպիսի թիմ է, պատրաստվել էինք։ Կարծում եմ՝ 90 տոկոսով կատարեցինք այն, ինչ մեզնից պահանջվում էր․ հաջորդ փուլ դուրս գալու համար մեզ չբավականացրեց այդ 10 տոկոսը։
Մենք երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք, ովքեր չունեն բավարար փորձ Բարձրագույն լիգայում հանդես գալու համար։ Կարծում եմ՝ լավ է, երբ կա երիտասարդ և փորձառու ֆուտբոլիստների համադրություն, քանի որ դա մեծամասամբ լավ արդյունք է տալիս»,- ասել է Այվազովը։