Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգյեսը երկրպագուներից մեկին դժգոհել է, որ իրեն հեռացնում են մադրիդյան ակումբից։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։
Մարզումից հետո, որի ժամանակ Սաուլը թիմից առանձին է աշխատել, նա մոտեցել է երկրպագուների խմբին, որպեսզի լուսանկարվի նրանց հետ ու ինքնագրեր բաժանի։ Երկրպագուներից մեկն այդ ժամանակ հետաքրքրել է Նիգյեսի՝ «Ատլետիկոյից» հեռանալու մասին լուրերով, ինչին ի պատասխան Սաուլը ժպտալով ասել է․ «Նրանք ինձ վռնդում են, ընկերս»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ատլետիկոն» շարունակում են քննարկել աստղային ֆուտբոլիստների փոխանակության տարբերակը, որի շրջանակում կապտանռնագույնների կազմը կհամալրի 26-ամյա իսպանացի կիսապաշտպան Սաուլ Նիգյեսը, իսկ հակառակ ուղղությամբ կտեղափոխվի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։
Ավարտված մրցաշրջանում 30-ամյա Գրիզմանը բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» կազմում 51 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 20 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ, իսկ 26-ամյա Սաուլի ակտիվում «Ատլետիկոյի» կազմում անցկացրած 41 խաղում 2 գոլ և 1 գոլային փոխանցում կա։