«Բարսելոնայի» ղեկավարության և պաշտպան Սամուել Ումտիտիի հարաբերությունները լարված են, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, նախորդ մրցշրջանի վերջում կատալոնական ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստին հայտնել է,որ նա իրեն պետք է նոր թիմ գտնի։ Նշվում է, որ Ումտիտին մտադիր է մնալ «Բարսելոնայում» մինչև գործող պայմանագրի ավարտը, որը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը, այդ իսկ պատճառով պատրաստ չէ այլ ակումբների առաջարկները դիտարկել։
Բացի դա, կատալոնական ակումբը փորձում է բանակցել ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ աշխատավարձի նվազեցման հետ կապված, սակայն Ումտիտին հրաժարվում է զիջման գնալ։ Հաղորդվում է, որ «Բարսելոնան» դիտարկում է Ումտիտիի հետ պայմանագիրը խզելու տարբերակը, բայց դեռևս հույս ունեն բոլոր հարցերը խաղաղ կարգավորել։
Ումտիտին «Բարսելոնա» է տեղափոխվել 2016 թվականին «Լիոնից», որի սանն է հանդիսանում։ Ավարտված մրցաշրջանում ֆրանսիացին Իսպանիայի առաջնության 13 հանդիպման է մասնակցել։