«Միլանը» շուտով կարող է ուժեղացնել կազմը միանգամից երեք ֆուտբոլիստներով, որոնց պայմանագրերն իրենց ներկայիս ակումբների հետ ավարտվում են այդ ամառ:
Ինչպես հաղորդում է Goal-ը ` La Rebubblica-ին հղումով անելով, «ռոսոներիները» մոտ են երկու պաշտպանների` «Ինտերից» Դանիլո Դ’Ամբրոզիոյին և «Նապոլիից» Էլսեյդ Հուսայային, ինչպես նաև «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուին ձեռք բերելուն:
Պայմանավորվածության դեպքում ֆուտբոլիստներին «Միլանը» կստանա անվճար, քանի որ նրանք կտեղափոխվեն որպես ազատ գործակալներ: Նշվում է, որ ակումբը ֆրանսիացի հարձակվողի համար պատրաստել է երկու տարվա պայմանագիր:
Ավարտված մրցաշրջանում «Միլանը» 2013 թվականից ի վեր առաջին անգամ մրցաշրջանն ավարտեց Չեմպիոնների լիգայի գոտում: Ստեֆանո Պիոլիի սաները Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում գրավեցին երկրորդ տեղը՝ վաստակելով 79 միավոր և զիջելով միայն «Ինտերին» (91): Միլանյան ակումբների հետ միասին «Ատալանտան» ու «Յուվենտուսը» կխաղան ՉԼ-ում: