Այսօր՝ մայիսի 23-ին, Ա Սերիայի վերջին տուրում կխաղարկվի Չեմպիոնների լիգայի երկու ուղեգիր։ Եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարում հանդես գալու հնարավորություն կարող են ստանալ «Նապոլին», «Միլանը» և «Յուվենտուսը»։ Եթե թուրինյան ակումբը չկարողանա ՉԼ-ի ուղեգիր նվաճել, ամենայն հավանականությամբ, ակումբը կորոշի բաժանվել թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյից։ Այս մասին հայտնում է Calciomercato.it-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, «Յուվենտուսի» ղեկավարության կողմից քննարկվում է կա՛մ Ջան Պյերո Գասպերինիի, կա՛մ Ջենարո Գատուզոյի թեկնածությունը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։ Գասպերինին այս պահին հանդիսանում է «Ատլետիկոյի», իսկ Գատուզոն՝ «Նապոլիի» գլխավոր մարզիչը։ Գատուզոն, ըստ ամենայնի, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից։
Ա Սերիայի վերջին տուրում «Ատալանտան» սեփական հարկի տակ կընդունի «Միլանին»։ «Յուվենտուսը» հյուրընկալվելիս կխաղա «Բոլոնիայի» հետ, իսկ «Նապոլին» տանը կմրցի «Վերոնայի» հետ։
Բոլոր խաղերի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22։45-ին։