Հայաստանի ազգային հավաքականի և «Կայրաթի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը ղազախական ակումբին տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք հետաքրքիր հարցերի:
— Կամո, ինչպե՞ս ես գնահատում մեր առաջին հավաքը:
-Այսպես ասեմ` սկզբում հեշտ չէր. ինտենսիվ ու հետաքրքիր մարզումներ էին: Արձակուրդի ընթացքում ես գրեթե չեմ մարզվել: Այնպես որ մարզումներից հետո հոգնածություն էր զգացվում, բայց դա լավ է: Ես այս սկզբունքով եմ առաջնորդվում` «չես հոգնել մարզման ժամանակ, ուրեմն այն անցել է քո կողքով»: Այնպես որ, ամեն ինչ լավ է, հարմարվում եմ:
-«Կայրաթի» ո՞ր ֆուտբոլիստների հետ ես արդեն ընկերացել:
-Միևնույն սենյակում եմ ապրում Ռիֆատ Նումուգամետի հետ: Արդեն 2 տարի է` ճանաչում ենք իրար, միասին խաղացել ենք «Ժետիսուսում»: Ռիֆատն այնտեղ վարձակալությամբ էր հանդես գալիս: Ամենաշատը նրա հետ եմ շփվում: Մյուս տղաների հետ ևս ընդհանուր լեզու եմ գտնվում: Ընդգրկվում եմ կոլեկտիվում:

-Խորհրդակցե՞լ ես Արթուր Եդիգարյանի հետ` նախքան այստեղ տեղափոխվելը:
-Իհարկե, նրա խորհուրդները շատ կարևոր էին: Ես լավ հարաբերությունների մեջ եմ Արթուրի հետ: Եդիգարյանը պատմել էր, որ այստեղ շքեղ բազա կա: Երբ տեսա, հասկացա, թե նա ինչի մասին էր խոսում: Հաճելի է, որ Ղազախստանում այսպիսի բազա կա: «Ժետիսուում» ամեն ինչ այլ էր: Այնտեղ մենք ապրում էինք հյուրանոցում: Մնացած ամեն ինչը հյուրանոցի տարածքից դուրս էր: Միշտ ստիպված էինք լինում ավտոբուսով այս կամ այն տեղը գնալ: Մարզասրահ, վերականգնողական գործընթացներ: Այստեղ ամեն բան մեկ տեղում է: Նախաճաշեցիր, գնացիր մարզասրահ, մարզում անցկացրիր, այստեղ էլ անցնում ես վերականգնողական բոլոր գործընթացները: Ամեն ինչ շատ բարձր մակարդակի վրա է: Որակյալ եվրոպական բազա:
-Տիգրան Բարսեղյանն «Աստանայում» է, դու` «Կայրաթում»: Դուք, կոպիտ ասած, բարիկադների տարբեր կողմերում եք:
-Խաղերի ընթացքում մրցակցի կազմում չկան ընկերներ կամ հարազատներ: Խաղադաշտից դուրս մեր հարաբերությունները չեն փոխվի: Քչերը գիտեն, որ ես ու Տիգրանը եղբայրներ ենք: Մենք երկու հարազատ քույրերի թոռներ ենք:
-Անցնենք հարազատ եղբորդ: Ինչպե՞ս է ստացվել, որ դու և քո հարազատ եղբայրը` Հովհաննեսը, ծնվել ենք նույն օրը`մեկ տարվա տարբերությամբ:
-Մենք ոչ միայն նույն օրն ենք ծնվել` հոկտեմբերի 5-ին, այլև` միևնույն ժամին: Չգիտեմ`ինչպես է այդպես ստացվել, բայց ահա այդպիսի հիանալի նվեր են արել ինձ ծնողներս ծննդյանս օրվա առթիվ: Փոքր եղբայր են պարգևել: Նա ևս ֆուտբոլ է խաղացել, բայց ավարտել է կարիերան`ծնկի հետ կապված խնդիրների պատճառով: Հաճախ էր վնասվածք ստանում: Ժամանակին նա շատ հեռանկարային խաղացող էր: Նույնիսկ ավելի հեռանկարային, քան`ես: Վնասվածքները նրան թույլ չտվեցին ամբողջովին բացվել ու ցույց տալ իր ունակությունները:

— Հայաստանի հավաքականում հանդես ես գալիս Հենրիխ Մխիթարյանի հետ: Լա՞վ հարաբերություններ ունեք:
-Այո, մշտապես պահում ենք կապը: Վերջերս նա զանգահարել էր ինձ, շնորհավորեց «Կայրաթ» տեղափոխության առթիվ: Հենրիխը հետաքրքրվում էր ,թե ինչպիսին է «Կայրաթի» բազան, թե ինչ կա այստեղ: Ես պատմեցի, որ այստեղ ամեն ինչ արտակարգ է: Թե որքան լավն է այստեղի կոլեկտիվը, մարզչական շտաբը, բժշկական անձնակազմը, մամուլի քարտուղարությունը: Կիսվում էի իմ ուրախությամբ:

— Հավաքականի կազմում անցկացրած ո՞ր հանդիպումն ես համարում ամենահաջողվածը քեզ համար:
-Իտալիայի հետ խաղը: Մենք պարտվեցինք 3:1 հաշվով, բայց խաղից հետո ինձնից էին խոսում: Կնշեմ նաև հույների հետ խաղը, որում մենք 3:2 հաշվով հաղթանակ տարանք: Դե իհարկե նաև Դանիայի հետ խաղը: Դանիացիներին իրենց դաշտում 4 անպատասխան գոլ խփելը թանկ արժե:
-Դու բավականին ունիվերսալ խաղացող ես: Կարող ես խաղալ ինչպես կիսապաշտպանությունում, այնպես էլ` պաշտպանությունում: Ո՞ր դիրքում է քեզ ավելի հարմար խաղալը:
-Ես սկսել եմ որպես հարձակվող, ինչից հետո տեղափոխվել եմ պաշտպանություն, այնտեղից էլ` կիսապաշտպանություն: Ինձ համար հավասարաչափ հարմար է խաղալ ինչպես ձախ, այնպես էլ`աջ եզրում: Եղել է դեպք, երբ մեկ խաղի ընթացքում ես 3 անգամ փոխել եմ դիրքս: Սկզբում խաղում էի աջ պաշտպանի դիրքում, հետո կիսապաշտպանության աջ եզրում, իսկ խաղն ավարտեցի որպես ձախ պաշտպան: Պատրաստ եմ խաղալ այնտեղ, որտեղ կորոշի մարզիչը: