«Ուրախ ենք հայտարարել, որ 2021/22 մրցաշրջանից Ժոզե Մոուրինյուն կգլխավորի «Ռոման»»: Հռոմեական ակումբի երեկվա այս հայտարարությունը սառը ցնցուղ էր ֆուտբոլային հանրության ու հատկապես հայ երկրպագուների համար, որոնց հիշողության մեջ դեռ թարմ են Մոուրինյու-Մխիթարյան հարաբերությունները։ Վերջերս լայն տարածում գտած խոսակցությունները, թե Հենրիխը ամռանը պատրաստվում է տեղափոխվել «Յուվենտուս», Ժոզեի նշանակման ֆոնին նոր թափ ստացան։ Երկրպագուների կարծիքով՝ մեր հավաքականի ավագն այլևս չի խաղա պորտուգալացու գլխավորությամբ ու սա հարմար առիթ է Հռոմը լքելու համար։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
«Ցավում ենք Սմոլինգի ու Մխիթարյանի համար։ Հեռացան «Յունայթեդից», որ Ժոզե Մոուրինյուից հեռու լինեն, իսկ հիմա ստիպված կլինեն խաղալ նրա գլխավորությամբ «Ռոմայում»»,- գրել է Football Galaxy-ն։
«Հենրիխ Մխիթարյանը, երբ իմացավ, որ Ժոզեն ամռանտ կգլխավորի «Ռոման»»,- գրել է Sports.ru-ի տելեգրամ-ալիքը։
Ժոզե Մոուրինյուն ու Հենրիխ Մխիթարյանը անհարմար ձևով կվերամիավորվեն «Ռոմայում» այն բանից հետո, երբ նա նույնիսկ սիրալիր հրաժեշտ չտվեց նրան «Մանչեսթեր Յունայթեդում»,- գրել է անգլիական Mirror պարբերականը։
«Անակնկալ։ Ժոզեն վերադառնում է Ա Սերիա՝ գլխավորելու «Ռոման»»,- իր նկարն այսպես է վերնագրել Bleacher Report Football-ը։
ԻՍԿ ԻՆՉ ԷՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՄԱՆՉԵՍԹԵՐՈՒՄ
Շատերը դեռ չեն մոռացել Մխիթարյանի՝ ՄՅՈՒ-ի ճամբարում անցկացրած ժամանակաշրջանը, և առաջին հերթին բոլորը դա հիշում են Մոուրինյուի հետ ունեցած «ջերմ» հարաբերությունների համատեքստում։
Մոուրինյուն կարծում էր, որ հայ ֆուտբոլիստը չի կարողանում համակերպվել կազմի ռոտացիայի իր մեթոդներին։
«Դրա վերաբերյալ Մխիթարյանի մոտեցումը տարբերվում է մյուս խաղացողների մոտեցումներից։ Նա պատրաստ չէր այս իրականությանը՝ ֆիզիկապես, մտավոր և մրցակցային առումներով»,- ասել էր Մոուրինյուն։
Լարված հարաբերությունների արդյունքում Մխիթարյանը ավելի ու ավելի քիչ էր խաղաժամանակ ստանում թիմում, ինչն էլ հանգեցրեց Մանչեսթերից հեռանալուն ու նա տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ» և տեղի ունեցածին տվեց իր մեկնաբանությունը։
«Մի անգամ Մոուրինյուն տեսավ ինձ նախաճաշելիս ու ասաց․ «Քո պատճառով մամուլը քննադատում է ինձ»։ Ես պատասխանեցի․ «Իսկապե՞ս, միստեր։ Ես դա դիտավորյալ չեմ անում»»։
Մխիթարյանն ասում էր, որ «Արսենալ» տեղափոխությունը մանկության երազանքի իրականացում էր։
ՀՌՈՄԻՑ ԹՈՒՐԻ՞Ն
Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս ամառ և նոր պայմանագրի մասին խոսակցություններ առայժմ չկան։ Փոխարենը՝ իտալական մամուլը գրում է, որ հայ ֆուտբոլիստը բանակցություններ է սկսել Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Եթե սա ճիշտ է, ապա Մոուրինյուի գալով՝ Հենրիխը կունենա երկու տարբերակ․ երկրպագուների կարծիքով՝ նա կհեռանա, որպեսզի նորից ստիպված չլինի աշխատել պորտուգալացու գլխավորությամբ, կամ էլ լինելով այս պահին «Ռոմայի» առաջատարը՝ կարող է մնալ ու ստիպել Մոուրինյուին հաշվի նստել իր հետ։
Մխիթարյանի՝ թիմի առաջատար լինելը վկայում է նաև իտալական մամուլը։ Վերջերս, երբ Հենրիխը մոտ մեկ ամիս բացակայեց վնասվածքի պատճառով, Tuttomercato-ն գրեց․ «Մոտ մեկ ամիս է՝ Մխիթարյանը չի կարողանում օգնել հռոմեական թիմին, ու Ֆոնսեկայի թիմը պարզվում է՝ կախվածություն ունի նրանից»։ Իսկ Ա Սերիայի հերթական տուրում «Սամպդորիային» 0-2 հաշվով պարտվելուց հետո directnews պարբերականն այսպես էր մեկնաբանել այդ խաղը․ «Հենրիխ Մխիթարյան․ Միակ դրական կետը ձանձրալի թիմում»։
Մտածեք մի պահ․ կցանկանա՞ Մոուրինյուն բաց թողնել այսպիսի խաղացողի, իսկ եթե անի դա, ինչպե՞ս կընդունվի դա Հռոմում։ Սակայն կցանկանա՞ Մխիթարյանը կրկին հանդիպել Մոուրինյուին, մանավանդ, երբ «գայլերը» վերջին խաղերում չեն փայլում, իսկ Թուրինը կանչում է․․․