Եվրոպական Սուպերլիգան ստեղծած 12 ակումբները ՖԻՖԱ-ին և ՈՒԵՖԱ-ին տեղեկացրել են իրենց կողմից դատական հայցեր կազմելու մասին, հաղորդում է Associated Press-ը:
Այս կերպ ակումբները ցանկանում են խանգարել կազմակերպություններին խափանել նոր մրցաշարի մեկնարկը:
Նամակն ուղարկվել է անգլիական, իսպանական և իտալական մի խումբ ակումբների կողմից ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին և ՈՒԵՖԱ-ի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինին: Դրանում ասվում է, որ Սուպերլիգան արդեն ֆինանսական կազմակերպության կողմից ստացել է 4 միլիարդ եվրոյի չափով աջակցություն:
«Ձեր պաշտոնական հայտարարությունը մեզ ստիպում է պաշտպանական միջոցներ ձեռնարկել՝ ապահովագրելով մեզ այն բացասական արձագանքից, որը ոչ միայն վտանգում է դրամաշնորհի շրջանակներում ֆինանսավորման պարտավորությունները, այլև, որն ավելի կարևոր է, անօրինական է:
Այդ պատճառով Սուպերլիգայի ընկերությունը միջնորդություն է ներկայացրել համապատասխան դատարաններ` ապահովելու մրցաշարի անարգել անցկացումը` գործող օրենսդրությանը համապատասխան», — ասված է Սուպերլիգայի ակումբների նամակում: