Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի ներկայացուցիչ ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը 21-րդ դարում ծնված ու Հայաստանի ազգային հավաքականում խաղացած առաջին ֆուտբոլիստն է:
Ռումինիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո Շաղոյանը խոսել է իր տպավորությունների մասին:
«Չգիտեի, որ 21-րդ դարում ծնված առաջին ֆուտբոլիստն եմ, ով դուրս է եկել խաղադաշտ հավաքականի կազմում։ Երբ իմացա այդ մասին, շատ ոգևորվեցի և դա պարտավորեցնող էր, որ օգնեմ իմ թիմին՝ ամենաբարձր որակներով ու աշխատասիրությամբ։
Մարզիչն ինձ օգտագործեց սկզբից 10 համարի դիրքում, հետո երբ մրցակիցն սկսեց ավելի շատ պաշտպանվել, մենք պետք է ավելի շատ գրոհեինք եզրերով, նա ինձ ասաց, որ եզր շարժվեմ ու եզրով առաջ գնամ։ Ինձ թվում է՝ ինչ-որ չափով սրություն մտցրի խաղում։
Երբ խաղադաշտում եմ հայտնվում, ինձ շատ հանգիստ եմ դրսևորում և այսպիսի աջակցութան ներքո ուղղակի չեմ կարող վատ հանդես գալ։ Թիմակիցները, բոլորն անխտիր օգնում են»,-ասել է Շաղոյանը։
Աղբյուր՝ ՀՖՖ