Հայաստանի ազգային հավաքականը, որն ընդգրկված է ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբում, անցկացրած 2 խաղից հետո վաստակած 6 միավորով առաջին հորիզոնականն է կիսում Գերմանիայի հավաքականի հետ։ 3-րդ և շատ կարևոր խաղը մեր ընտրանին անցկացնելու է այսօր․ 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու ենք Ռումինիայի ազգային թիմին։
Նախորդ խաղերում մեր հավաքականի ելույթների ու այսօր կայանալիք հանդիպման սպասելիքների մասին ArmSport-ը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովի հետ, որը հիմա պաշտպանում է «Ալաշկերտի» գույները։
Լիխտենշտեյնի ու Իսլանդիայի հավաքականների դեմ խաղերի մասին
Եթե առաջին խաղում շռայլություն թույլ տվեցինք՝ չիրացնելով շատ գոլային պահեր, այդուհանդերձ, շատ կարևոր էր հաղթանակով մեկնարկելը։ Իսլանդացիների հետ բոլորս էլ գիտեինք, որ շատ դժվար խաղ պիտի լիներ։ Բայց մեր հավաքականը լավ կազմակերպվածության, խաղային կարգապահության, տակտիկապես գրագետ խաղով արժանի հաղթանակի հասավ։ Մարզչական խաղ էր․ տղաները հստակ կատարեցին առաջադրանքն ու գոլերի դրվագներում անհատական վարպետություն ցուցաբերեցին Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը։
Հավաքականի խաղի փոփոխությունների մասին
Երևում է, որ առաջին հերթին փոխվել է հոգեբանությունը, հաղթողի մտածելակերպը, իսկ դա առաջին հերթին, մարզչից է գալիս և, բնականաբար, տղաները ավելի են հավատում իրենց ուժերին։
Ռումինիայի դեմ խաղի սպասելիքների մասին
Շատ դժվար խաղ կլինի։ Մենք հիմա հոգեբանական լավ վիճակում ենք, իսկ ռումինացիներն ավելի բարձրակարգ թիմ ունեն, արագ ֆուտբոլ են խաղում։ Մարզիչը կգտնի՝ ինչպես կարելի է օգտագործել նրանց թույլ կողմերը։ Այստեղ կարևոր է, որ կոնցենտրացիան բարձր մակարդակի վրա լինի, որովհետև նրանք անհատական լավ ֆուտբոլիստներ ունեն։ Մի խոսքով, հաղթանակ եմ ակնկալում։
Մխիթարյանի բացակայության մասին
Ինչպե՞ս կարող է չզգացվել Մխիթարյանի բացակայությունը․ նա հավաքականի ավագն է, եվրոպական մակարդակով թոփ-ֆուտբոլիստ։ Մրցակիցներն ավելի են կենտրոնանում՝ մտածելով ինչպես չեզոքացնեն Հենոյին։ Բայց մեր հավաքականը, իրոք, թիմային ֆուտբոլ է խաղում, ու դա շատ կարևոր է այս պահերին։ Բայց Հենոն մնում է Հենո․ 2 միտք լինել չի կարող։
Ստելլա Բաբլոյան