«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Վեսթ Հեմին» հաղթելուց հետո խոսել է իր թիմի՝ արդեն 20-խաղյա հաղթանակների շարքից.
«Այսպիսի իրավիճակում, այսպիսի ժամանակներում 20 անընդմեջ խաղում հաղթելը, հնարավոր է, մեր մեծագույն նվաճումներից մեկն է: Սա, իհարկե, մեզ տիտղոս չի երաշխավորում, բայց հիմա՝ Անգլիայի համար այս բարդագույն իրավիճակում նման շարք գրանցելը մեր ուժեղ բնավորության արտացոլումն է:
«Վեսթ Հեմի» հետ խաղում մենք գեղեցիկ խաղ չցուցադրեցինք, բայց մրցաշրջանի ընթացքում նման խաղեր շատ են լինում: Մենք քիչ պահեր ստեղծեցինք, բայց մրցակցին էլ դա թույլ չտվեցինք անել:
Երբ մենք խոսում ենք նման շարքի մասին, հասկանում ենք դրա բացառիկությունը: Սովորաբար դուք միավորներ եք կորցնում, խաղում եք ոչ-ոքի կամ պարտվում եք՝ այդպիսին է իրականությունը: Ճիշտ է, երեք մրցաշրջան առաջ մենք 100 միավոր ունեինք. այդ ժամանակ մենք անկասելի էինք:
Նախորդ մրցաշրջանում անհավանական էր «Լիվերպուլը», իսկ այս մրցաշրջանը մենք այնքան էլ լավ չսկսեցինք, բայց հիմա ամեն ինչ լավ է ընթանում, և մենք բարձունքում ենք»,- ասել է Գվարդիոլան: