Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցել է «Բարսելոնայի» հետ և ջախջախիչ հաղթանակ տարել: Հանդիպումը կայացել է Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում և ավարտվել ֆրանսիացիների՝ 4-1 հաշվով հաղթանակով:
Հանդիպման 27-րդ րոպեին կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին անվրեպ է իրացրել Ֆրենկի դե Յոնգի վաստակած 11-մետրանոցը՝ առաջ մղելով իր թիմին: Ավելին անել կատալոնացիներին չի հաջողվել:
Հինգ րոպե անց, սակայն, ֆրանսիացիներին հաջողվել է հավասարեցնել հաշիվը. Կիլիան Մբապեն է փայլուն գոլով գրավել Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը: Երկրորդ կեսն անցել է ֆրանսիացիների տոտալ առավելությամբ, ինչի արդյունքում Մբապեն ևս երկու գոլ է խփել՝ աչքի ընկնելով խաղի 65-րդ և 85-րդ րոպեներին: Եվս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Մոյզե Քինը:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 10-ին Փարիզում: