Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Մելբուրնում ընթացող տարվա առաջին մեծ սաղավարտի մրցաշարի՝ Australian Open-ի քառորդ եզրափակիչ։
1/8-րդ եզրափակիչում սերբ թենիսիստի մրցակիցը Միլոշ Ռաոնիչն էր։ Ջոկովիչը հաղթեց 4 սեթում 7-6(4), 4-6, 6-1, 6-4 հաշվով։ Խաղը տևեց 2 ժամ 56 րոպե։
Սա Նովակ Ջոկովիչի 300-րդ հաղթանակն էր Մեծ սաղավարտի մրցաշարերում։ 33-ամյա թենիսիստը երկրորդ խաղացողն է, ում հատում է 300 հաղթանակի շեմը Մեծ սաղավարտի մրցաշարերում։ Ռոջեր Ֆեդերերը Grand Slam-երում ունի 362 հաղթանակ։
Ջոկովիչը կիսաեզրափակիչի ուղեգրի համար կմրցի Ալեքսանդր Զվերևի հետ։ Գերմանացի թենիսիստը 1/8-ում 3 սեթում 6-4, 7-6(5), 6-3 հաղթել է Դուշան Լայովիչին։
Հավելենք, որ Ջոկովիչը, չնայած Թեյլոր Ֆրիտցի դեմ խաղում ստացած վնասվածքին, այսօրվա խաղում բավականին լավ տեսք ուներ։ Խաղից հետո սերբ թենիսիստը հայտնել է, որ մինչև Զվերևի հետ խաղը նա շարունակելու է վերականգնողական աշխատանքներ կատարել։