«ՌԲ Լայպցիգը» դիմել է Գերմանիայի կառավարությանն ու խնդրել է երկիր թողնել «Լիվերպուլին», որը պետք է ժամանի Չեմպիոնների լիգայի խաղ անցկացնելու, հայտնում է Kicker-ը։
«ՌԲ Լայպցիգը» մերսիսայդցիներին պետք է սեփական հարկի տակ ընդունի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում, սակայն կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելման նկատառումներից ելնելով գերմանական իշխանությունները մինչև փետրվարի 17-ն արգելել են Բրիտանիայից բոլոր չվերթները։
«ՌԲ Լայպցիգի» ղեկավարությունը հույս ունի, որ Գերմանիայի կառավարությունը կընդառաջի իրենց ու բացառություն կանի «Լիվերպուլի» համար։
Ակումբներն ՈՒԵՖԱ-ի հետ քննարկում են նաև խաղը չեզոք դաշտում անցկացնելու հնարավորությունը, սակայն «ՌԲ Լայպցիգը» այնքան էլ չի ցանկանում կորցնել սեփական պատերի ներքո խաղալու շանսը։
Մյունխենի «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան», որոնք նույնպես դուրս են եկել Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ, առաջին խաղերը կանցկացնեն մրցակցի հարկի տակ, այդ իսկ պատճառով այդ խնդիրն իրենց չի սպառնում։