Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանն այս գիշեր 8-ռաունդանոց մենամարտ է անցկացրել Պանամայի ներկայացուցիչ Խոսե Նունյեսի հետ։ Մրցավարների որոշմամբ բռնցքամարտիկներին տրվել է հավասար միավորներ ու մենամարտն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով։
Մրցավար Պիտեր Հարին հաղթանակը շնորհել է Նունյեսին 77-75 հաշվով, մինչդեռ Թոմ Կարուսոնեն և Ջոն Մքքեյնը հավասար են բաշխել միավորները (76-76)։
Թե՛ Նունյեսը, թե՛ Ավագյանը շարունակում են անպարտելի մնալ, չնայած բռնցքամարտիկներից և ոչ մեկը չկարողացավ քայլ առաջ կատարել՝ դեպի ավելի մեծ մենամարտ։
Ավագյանի խոսքով, ինքն ամեն ինչ արել է հաղթանակի համար․
«Կարծում եմ՝ լավ մենամարտ եմ անցկացրել և արժանի էի հաղթանակի։ Բավականին բան արեցի հաղթանակի համար։ Նա ինձ չի վնասել։ Մի քանի հարված հասցրեց, բայց ես կարողացել եմ դրանք չեզոքացնել։ Վերախաղարկումն ինձ հետաքրքիր չէ, եթե պետք է մրցավարությունն այսպիսին լինի։ Եթե արդար կլինի, ես պատրաստ եմ նորից մենամարտել»,- Ավագյանի խոսքերն է փոխանցում boxingscene.com-ը։
Նունյեսը ևս համաձայն չի եղել մրցավարության հետ․
«Մրցավարություն չկար։ Արդար չէր։ Առաջին 4 ռաունդներում ես հաղթեցի, մնացածն էլ լավ անցկացրի։ Առհասարակ, մենամարտի հետ կապված իմ պլանը կատարեցի։ Գիտեի, որ նա բարդ մրցակից է, այդ իսկ պատճառով պետք է նրան դանդաղեցնեի ու այդպես էլ արեցի։ Ինձ իսկապես թվում էր, որ վնասում եմ իրեն։ Չորրորդ ռաունդից սկսած էլ նա արնահոսում էր»,- ասել է պանամացի բռնցքամարտիկը։