«Դերբի Քաունթին» պարտվել է թիմի նախկին ավագի՝ պաշտպան Ռիչարդ Կիոյի դատում, հայտնում է Daily Mail-ը:
Անգլիական ակումբը պարտավորվել է ավելի քան 2 մլն եվրո վճարել 34-ամյա ֆուտբոլիստին, քանի որ նրան հեռացնելու պահին պայմանագրով դեռ 21 ամիս մնացել էր: Ռիչարդը տարեկան մոտ 1,5 մլն եվրո էր ստանում ըստ պայմանագրի:
«Դերբիում» գոհ չեն մնացել, որ դատարանն աջակցել է Կիոյին: Ակումբը մտադիր է բողոքարկել այս որոշումը:
Հիշեցնենք՝ 2019 թվականի սեպտեմբերին Կիոն և իր երկու թիմակիցներն ակումբային հավաքույթից հետո, որի ընթացքում իրենք ալկոհոլ էին օգտագործել, հրաժարվել էին վարորդի ծառայություններից, և, շարունակելով խմել, անձամբ էին նստել ղեկին: Արդյունքում տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով Ռիչարդը ծնկի լուրջ վնասվածք էր ստացել, իսկ նրա թիմակիցները բերման էին ենթարկվել: Արդյունքում, Կիոյի հետ պայմանագիրը խզվեց, իսկ միջադեպի մյուս մասնակիցները տուգանք վճարեցին: