2017 թվականի հունիսի 3-ին «Ռեալը» պատմական նվաճման հասավ՝ դառնալով պատմության առաջին թիմը, որին հաջողվեց հաղթել Չեմպիոնների լիգայում երկու տարի անընդմեջ։
Քարդիֆում կայացած եզրափակիչում Զինեդին Զիդանի թիմի մրցակիցը «Յուվենթուսն» էր։ Առաջին կեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլերով։ Նախ մադրիդցիներին առաջ մղեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալացին այդ գոլով բացառիկ ռեկորդ գրանցեց՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվում է Չեմպիոնների լիգայի երեք տարբեր եզրափակիչներում գոլ խփել։ Մինչև այս եզրափակիչը Ռոնալդուն աչքի էր ընկել նաև 2008-ին և 2014-ին։ Պատասխան գնդակը խփեց Մարիո Մանջուկիչը։
Երկրորդ կեսում «Ռեալը» դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ։ Կազեմիրոյի ու Ռոնալդուի արագ գոլերը գրեթե ոչնչացրեցին «բիանկոներիների» հույսերը։ Խաղի վերջում հաշիվը խոշոր դարձրեց Մարկո Ասենսիոն։ 4-1 հաշվով «Ռեալը» հաղթեց «Յուվենթուսին» ու նվաճեց եվրոպական ակումբային չեմպիոնների 12-րդ գավաթը։