«Ռոմայի» պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին, որն այս պահին վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Վալենսիայում», հետաքրքիր պատմություն է պատմել։
Նա նշել է «Ռոմայի» այն միակ խաղացողին, որը չի հավատացել հռոմեական թիմի հնարավոր քամբեքին 2018 թվականի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ պատասխան խաղից առաջ․
«Առաջին խաղում 1-4 հաշվով պարտությունից հետո մենք չէինք զգում, որ մեզ վերջնականապես հաղթել են։ Դրանում ինչ-որ տարօրինակ բան կար։ 25 հոգով էինք, ու 24-ը կարծում էր, որ մենք կարող ենք անցնել հաջորդ փուլ։
Մեզնից միայն մեկը չէր հավատում, որ մենք կարող ենք դա անել, և դա Մանոլասն էր։ Եվ հենց նա գոլ խփեց, որը մեզ դուրս բերեց կիսաեզրափակիչ։ Միակ մարդը, որը չէր հավատում, արեց դա»,- Ֆլորենցիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Հիշեցնենք՝ պատասխան խաղում հռոմեացիները պատասխան խաղում 3-0 հաշվով հաղթեցին ու դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ արտագնա խաղում խփած գոլի շնորհիվ։ Կիսաեզրափակչում «Ռոման» երկու խաղերի արդյունքում պարտվեց «Լիվերպուլին»։