«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, որը ներկա պահին վարձակալական հիմունքներով խաղում է «Տոտենհեմում», մտադիր է հաջորդ մրցաշրջանում վերադառնալ «Ռեալ»։
AS-ը գրում է, որ ուելսցին ցանկանում է իր պայմանագրի վերջին տարին անցկացնել Մադրիդում։ Բեյլը ուշադրությամբ հետևում է «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Ֆրանսիացի մասնագետի՝ թիմում մնալը վերջին շաբաթների ընթացքում հարցականի տակ է դրվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զիդանը կարող է հեռանալ «Ռեալից» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, քանի որ «արքայական» ակումբի ղեկավարությունը չի կատարում ֆրանսիացի մասնագետի տրանսֆերային պահանջները։
Հիշեցնենք, որ Բեյլի և Զիդանի հարաբերությունները վերջին տարիներին հարթ չեն եղել։ Ուելսցին հեռացավ ակումբից գերազանցապես հենց Զիդանի պատճառով։