«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան գոհ է իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից։ Իսպանացի մասնագետը «Ցելյեի» դեմ խաղից հետո (1-0) կայացած մամուլի ասուլիսի ընթացքում արժանին է մատուցել երևանյան թիմի ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար։
«Տակտիկապես շատ հարուստ խաղ էր։ Հակառակորդը ֆիզիկապես շատ ուժեղ էր թիմ է։ Նրանք ունեին լավ հարձակվողներ, վինգերներ։ Բայց մենք ամեն ինչ գիտեինք նրանց մասին։ Գիտեինք, թե ինչպես են նրանք խաղում։ Գիտեինք նույնիսկ անհատական որակների մասին։
Իմ խաղացողները հիանալի աշխատանք են կատարել։ Մենք շատ լավ ուսումնասիրել էինք մրցակցին։ Շատ ուրախ եմ իմ խաղացողների համար։ Նրանք արժանի էին։ Չնայած լրացուցիչ ժամանակին, մենք ֆիզիկապես լավ տեսք ունենք»,-ասաց Կամպանյան։
Կամպանյան արդեն 2-րդ խաղն անընդմեջ հաղթական գոլ խփած Սերգեյ Վակուլենկոյին հատուկ առանձնացրեց ու համեմատեց «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի հետ։
«Ուրախ եմ մեր Սերխիո Ռամոս Վակուլենկոյի համար։ Մենք կարողանում էինք շատ լավ գնդակ պահել այսօր։ Կային պահեր, երբ դա շատ անհրաժեշտ էր անել, որպեսզի մրցակիցը չհակագրոհի։ Որքան ժամանակն անցնում էր, թիմն իրեն ավելի լավ էր զգում ու վերջապես մենք կարողացանք գոլ խփել։ Կարող եմ ասել, որ Ես ամեն օր այս թիմին ավելի ու ավելի լավ եմ ճանաչում ու հասկանում»,-եզրափակել է Կամպանյան։
«Արարատ-Արմենիան» 2-րդ անգամ է դուրս գալիս Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ։ Խմբային փուլի ուղեգրի համար պայքարում «Արարատ-Արմենիան» ուժերն է չափելու «Ցրվենա Զվեզդայի» հետ։