«Ալֆա Տաուրիի» ավտոարշավորդ Պիեր Գասլին Իտալիայի Գրան-պրիում հաղթելուց հետո մի շարք շնորհավորանքներ է ստացել։ Ֆրանսիացի արշավորդը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շնորհավորանքը, ինչպես նաև խոսել «Մերսեդեսի» արշավորդ Լյուիս Հեմիլթոնի մասին ու մի շարք ֆուտբոլիստների, որոնք շնորհավորել են նրան։
«Ինձ համար Լյուիսը հատուկ մարդ է։ Ես հետևում եմ նրան այն ժամանակվանից, երբ ես երեխա էի։ Իմ կարծիքով՝ նա Ֆ1-ի պատմության լավագույն արշավորդն է, կամ գոնե լավագույն 3 արշավորդներից մեկը։ Այնպես որ, երբ ես լսեցի նրա խոսքերը, դրանք իսկապես դիպան իմ սրտին։ Տարօրինակ զգացողություն է։ Ես միշտ նայել եմ այդ տղաներին, իսկ հիմա մրցում եմ նրանց հետ, ու Լյուիսը նման բան է ասում իմ մասին։
Մակրոնի զա՞նգը։ Դա թույլ տվեց մտածել, որ տեղի է ունեցել նշանավոր մի բան։ Ամեն օր չէ, որ երկրի նախագահը զանգահարում է քեզ։ Նա ասաց, որ շատ ուրախ է ու հպարտանում է իմ հաջողություններով։
Ինձ նաև շատ ֆուտբոլիստներ են զանգել։ Նեյմարը, Գրիզմանը, Մբապեն, Ֆաբիոն, Ժիրուն․ նրանք ֆուտբոլիստներ են, որոնք հետևում են Ֆ1-ին ու շնորհավորել են ինձ»,-Գասլիի խոսքն է մեջբերում Motorsport Week-ը։