Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, ռուսական «Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանի նախախաղային մամուլի ասուլիսը՝ Ազգերի լիգայի 2-րդ տուրի Հայաստան-Էստոնիա հանդիպմանն ընդառաջ:
«Կարծում եմ, որ խաղակցվածության պակասն ամեն դեպքում զգացնել տվեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում: Եթե մենք ավելի շատ ժամանակ ունենայինք պատրաստվելու, հավանաբար կկարողանայինք ավելի լավ հանդես գալ: Ընդհանուր առմամբ կարող էինք ավելի լավ խաղալ և ինձ մոտ էլ կարող էր ավելի լավ ստացվել նորամուտը: Այնպես որ, առաջին խաղի արդյունքն այնքան էլ լավ չէր»:
Անդրադառնալով թիմում իր նորամուտին, ինչպես նաև հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանի հետ բարեկամական հարաբերություններին՝ հայ ֆուտբոլիստն ասաց. «Ռուսլանի հետ խոսել էինք հավաքական միանալուց առաջ: Նա ինձ ոգևորում էր և հավատ ներշնչում, որ ամեն ինչ լավ է լինելու»:
Հիշեցնենք, որ Հայաստան-Էստոնիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին և կմեկնարկի 20:00-ին:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի