«Չելսիի», «Միլանի» և ՊՍՎ-ի նախկին հարձակվող Ռուդ Գուլիտը հայտնել է Նիդերլանդների հավաքականը գլխավորելու պատրաստակամության մասին:
«Եթե ազգային հավաքականն ինձ առաջարկի այս պաշտոնը, ապա ես հաստատ կհամաձայնվեմ:
Ինձ համար պատիվ է: Կարծում եմ, որ յուրաքանչյուր նիդերլանդացի, ով հնարավորություն է ստանում մարզել իր ազգային հավաքականը, կմտածի այս առաջարկի մասին»,- մեջբերում է Գուլիտին Vvoetbalprimeur-ը:
57-ամյա ֆուտբոլիստն արդեն աշխատել է հավաքականի ճամբարում՝ ստանձնելով Դիկ Ադվոկատի օգնականի դերը: Փորձագետները կարծում են, որ հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեեդորֆը կարող է դառնալ Գուլիտի օգնականը Նիդերլանդների հավաքականի մարզչական շտաբում:
Վերջերս Նիդերլանդների Արքայական ֆուտբոլային ասոցիացիան (KNVB) հայտարարել է Ռոնալդ Կումանի՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: Կումանի օգնականը՝ Դուայթ Լոդևեգեսը, նշանակվել է գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: 57-ամյա Կումանն երկամյա պայմանագիր է ստորագրել «Բարսելոնայի» հետ: