Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում, Ժոզե Մոուրինյուն կանցկացնի իր առաջին «Էլ Կլասիկոն» Մադրիդի «Ռեալի» ղեկին՝ արքայական ակումբ վերադառնալուց հետո։
Հանդիպմանն ընդառաջ «սերուցքայինների» նախկին կիսապաշտպան Գուտին իսպանական SPORT պարբերականին տված հարցազրույցում վերլուծել է պորտուգալացի մասնագետի էվոլյուցիան՝ ընդգծելով, որ այսօրվա Մոուրինյուն էականորեն տարբերվում է այն մարզչից, որը 16 տարի առաջ առաջին անգամ ոտք դրեց «Սանտյագո Բեռնաբեու»։
«Տարիներն անցնում են բոլորի համար։ Նա մի փոքր հանդարտվել է և այլևս այնքան իմպուլսիվ չէ, որքան իր առաջին շրջանում, սակայն շարունակում է մնալ չափազանց մրցունակ մարզիչ, որն ատում է պարտվելը», — նշել է Գուտին։
Լեգենդար ֆուտբոլիստի կարծիքով՝ ամենամեծ փոփոխությունը տեղի է ունեցել թիմի խաղացողների հետ մարզչի հարաբերություններում.
«Հիմա նա ինձ ավելի հանգիստ է թվում և ավելի մոտ է ֆուտբոլիստներին, ինչը նախկինում այդքան էլ այդպես չէր։ Նա հասունացել է, ինչպես բոլորս ենք հասունանում տարիների ընթացքում»։
Հատկանշական է, որ Գուտիի խոսքերն առանձնահատուկ կշիռ ունեն։ Մադրիդյան ակումբի սանը, որը 15 մրցաշրջան պաշտպանել է «Ռեալի» առաջին թիմի գույները՝ նվաճելով Լա Լիգայի 5 և Չեմպիոնների լիգայի 3 գավաթ, լքեց հարազատ ակումբը հենց 2010 թվականի ամռանը՝ Միլանի «Ինտերից» Մոուրինյուի ժամանման պահին՝ տեղափոխվելով թուրքական «Բեշիքթաշ»։ 16 տարի անց նա կողքից է հետևում մի մարզչի, որը պահպանել է իր մրցակցային ոգին, բայց մեղմացրել է աշխատելաոճը։
Գուտին անդրադարձել է նաև «Ռեալի» ներկայիս մարզավիճակին։ Թիմը հաղթանակներ է տանում, սակայն ցուցադրած խաղով դեռևս լիովին չի համոզում երկրպագուներին։ Նախկին կիսապաշտպանը սա միանգամայն տրամաբանական գործընթաց է համարում.
«Երկրպագուների և ակումբի կողմից մեծ անհամբերություն կա, որպեսզի ամեն ինչ միանգամից ստացվի. ոչ միայն հաղթանակներ լինեն, այլև գեղեցիկ խաղ։ Բայց մենք հաշվի չենք առնում, որ թիմը համալրվել է բազմաթիվ նորեկներով, եկել է նոր մարզիչ, իսկ դրա համար ժամանակ է պետք։ Թեև, երբ թիմը երկու տարի շարունակ ոչինչ չի հաղթում, շատ դժվար է համբերություն և ժամանակ խնդրել»։
Այնուամենայնիվ, Գուտին լավատեսորեն է տրամադրված մադրիդյան թիմի ներուժի հարցում.
««Ռեալն» ավելի լավ թիմ ունի, քան մարդիկ կարծում են։ Սա շատ ամբողջական կազմ է, որը կարող է հիանալի ֆուտբոլ ցուցադրել։ Եթե լինի այդ հանգստությունն ու հավասարակշռությունը, նրանց մոտ ամեն ինչ կստացվի, բայց, իհարկե, վերջում ամեն ինչ կախված է լինելու արդյունքներից»։
Հավելենք, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք «Բարսելոնայի» դեմ հանդիպումը Ժոզե Մոուրինյուի համար կդառնա մարզչական կարիերայի 18-րդ «Էլ Կլասիկոն»՝ որպես Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ։ Նախորդ 17 դիմակայություններում պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ մադրիդցիները տոնել են 5 հաղթանակ, գրանցել 6 ոչ-ոքի և կրել 6 պարտություն։ Իսկ ընդհանուր առմամբ, իր ողջ մարզչական կարիերայի ընթացքում Մոուրինյուն կատալոնական ակումբի դեմ անցկացրել է 27 պաշտոնական հանդիպում՝ գրանցելով 8 հաղթանակ, 9 ոչ-ոքի և 10 պարտություն։
























































