Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի հավաքականի ևս երեք ներկայացուցիչներ՝ Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և գերծանր քաշային Ռազմիկ Քուրդյանը (130 կգ), իսկ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) անցկացրել է սփոփիչ գոտեմարտ։
72 կգ քաշային կարգում Աշոտ Խաչատրյանը մրցաշարը սկսել է վստահ հաղթանակով՝ որակավորման փուլում 8:3 հաշվով առավելության հասնելով մոլդովացի Միխայ Պետիչի նկատմամբ։ Սակայն 1/8 եզրափակչում հայ ըմբիշը զիջել է ուկրաինացի Պարվիզ Նասիբովին։
Հաղթական մեկնարկ է ունեցել նաև 97 կգ քաշային Հայկ Խլոյանը, որն առաջին գոտեմարտում ժամանակից շուտ հաղթել է Մարոկկոյի ներկայացուցչին։ 1/8 եզրափակչում Խլոյանի մրցակիցն աշխարհի և օլիմպիական գործող չեմպիոն, իրանցի Մոհամադհադի Սարավին էր, որին հայ մարզիկը զիջել է։
Թե՛ Աշոտ Խաչատրյանը, թե՛ Հայկ Խլոյանը դեռ պահպանում են բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությունը. նրանք սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու իրավունք կստանան, եթե իրենց հաղթած մրցակիցները՝ Պարվիզ Նասիբովն ու Մոհամադհադի Սարավին, դուրս գան եզրափակիչ։
Ցավոք, մրցաշարում իրենց ելույթներն ավարտել են մեր մյուս երկու ըմբիշները։ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը սփոփիչ գոտեմարտում 2:2 հաշվով ցավալի պարտություն է կրել և դուրս մնացել հետագա պայքարից, իսկ գերծանր քաշային Ռազմիկ Քուրդյանը ստացած վնասվածքի պատճառով ստիպված է եղել հրաժարվել գոտեմարտից։




























































