Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը ներողություն է խնդրել ակումբի երկրպագուներից և վստահեցրել, որ պատրաստ է ներդնել բոլոր ուժերը՝ թիմին հաջողությունների հասցնելու համար։
Ֆուտբոլիստը երկրպագուներին է դիմել Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Դեպորտիվոյի» դեմ հանդիպումից (1:0) հետո, որում հենց նրա խփած միակ գոլն է հաղթանակ պարգևել «ներքնակագործներին»։
Ավելի վաղ՝ ամռանը կայացած Աշխարհի 2026 թվականի առաջնության ժամանակ, Ալվարեսը հայտարարել էր, որ ցանկանում է հեռանալ մադրիդյան ակումբից։ Մամուլի տեղեկություններով՝ 26-ամյա հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էին կատալոնական «Բարսելոնան» և Լոնդոնի «Արսենալը»։ Այնուամենայնիվ, «Ատլետիկոյի» գլխավոր տնօրեն Միգել Անխել Խիլը կտրուկ հայտարարել էր, որ ակումբը մտադիր չէ վաճառել արգենտինացուն նույնիսկ 200 միլիոն եվրոյի դիմաց։
«Ցանկանում եմ ներողություն խնդրել մեր երկրպագուներից Աշխարհի առաջնության ժամանակ հնչեցրածս խոսքերի համար։ Դա սխալ էր՝ թե՛ ասելու ձևը, թե՛ ընտրված պահը։ Հասկանում եմ նրանց զայրույթը. նրանց տեղում ես էլ կբարկանայի՝ հատկապես հաշվի առնելով այն մշտական աջակցությունը, որը ստացել եմ ակումբ տեղափոխվելուս օրվանից։ Նրանք չափազանց մեծահոգի են գտնվել իմ հանդեպ։ Հիմա իմ հերթն է քրտնաջան աշխատելու և ներդնելու ողջ ուժերս, քանի որ առջևում մեզ շատ կարևոր իրադարձություններ են սպասվում։
Շնորհակալ եմ նաև թիմակիցներիս, որոնք այս ամբողջ ընթացքում կանգնած էին իմ կողքին։ Աստիճանաբար ուշքի եմ գալիս և ինձ գնալով ավելի լավ եմ զգում թե՛ ֆիզիկապես, թե՛ գնդակով աշխատելիս։ Երբ կյանքում ամեն ինչ կարգին է, դա անմիջապես արտացոլվում է խաղադաշտում։ Հուսով եմ՝ ծանր աշխատանքի շնորհիվ կկարողանամ բեկել այս իրավիճակը», — Ալվարեսի խոսքերն է մեջբերում իսպանական AS պարբերականը։
Հիշեցնենք, որ Խուլիան Ալվարեսը «Ատլետիկոյի» գույները պաշտպանում է 2024 թվականի ամռանից։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































