Միլանի «Ինտերի» ավագ Նիկոլո Բարելան ամփոփել է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ տոնած դրամատիկ հաղթանակը (1-0)՝ առանձնահատուկ գովեստի խոսքեր շռայլելով թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին։
Պատասխանելով այն հարցին, թե կա՞ արդյոք համապատասխան բառ հայ կիսապաշտպանին նկարագրելու համար, Բարելան նրան համեմատել է գինու հետ՝ ընդգծելով թիմակցի կարևորությունը։
«Մեր մոտեցումը պետք է բարելավվի, մենք պետք է ավելի ագրեսիվ և կենտրոնացած լինենք, քանի որ, հատկապես Չեմպիոնների լիգայում, կարող ես մի ակնթարթում հետ մնալ։ Մխիթարյա՞նը․ նա գինու նման է, միշտ կատարելագործվում է։ Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել նրան։ Նա սովոր էր մեկնարկային կազմում խաղալ, իսկ հիմա այլևս միշտ չէ, որ այդպես է, սակայն նա մշտապես ամբողջ ուժով է հանդես գալիս, երբ դուրս է գալիս խաղադաշտ»,- իտալացի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։
Հիշեցնենք, որ «Շախտյորի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում 10 հոգով մնացած «Ինտերը» հաղթանակ էր կորզել հենց փոխարինման մտած Հենրիխ Մխիթարյանի դիպուկ գոլային փոխանցման շնորհիվ, որն արդյունավետորեն եզրափակել էր բրազիլացի Կառլոս Աուգուստոն։























































