Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տոնի Կրոսը կազմել է բոլոր ժամանակների մեծագույն կիսապաշտպանների իր լավագույն հնգյակը։ Գերմանացի խաղացողի ընտրության մասին հաղորդում է The Touchline-ը։
Առաջին հորիզոնականում Կրոսը տեղավորել է մադրիդյան ակումբի իր նախկին թիմակից Լուկա Մոդրիչին։ Երկրորդ և երրորդ տեղերը բաժին են հասել կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներին՝ համապատասխանաբար Անդրես Ինիեստային ու Չավիին։
Չորրորդ հորիզոնականը Կրոսը հատկացրել է Լոնդոնի «Չելսիի» նախկին առաջատար Ֆրենկ Լեմպարդին։ Լավագույնների հնգյակը եզրափակում է Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Միխայել Բալակը։
Հիշեցնենք, որ Կրոսն իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է Գերմանիայում կայացած Եվրո-2024-ից հետո։ Գերմանացի կիսապաշտպանը մեծ սպորտից հեռացավ բավականին վաղ՝ 34 տարեկանում։






















































