Հայաստանի ազգային հավաքականի և Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Մոսկվայի «Ռոդինայի» 20-ամյա հարձակվող Արթուր Ղարիբյանը լրագրող Նորիկ Սերոբյանի հետ զրույցում կիսվել է ազգային թիմում իր նորամուտի տպավորություններով, խոսել խփած գոլի և առաջիկա հանդիպումների մասին։
«Անկեղծ ասած՝ Հայաստանի հավաքականի կազմում խփած գոլն ինձ մեծ վստահություն հաղորդեց։ Սա բոլորովին այլ մակարդակ է։ Ազգային հավաքականում հանդես գալը հսկայական հպարտություն է։ Շնորհակալ եմ գլխավոր մարզչին, որ հրավիրեց ինձ և խաղադաշտ դուրս բերեց հենց առաջին իսկ խաղում, թեև գիտեր, որ դեռ լիովին պատրաստ չեմ»,- նշել է երիտասարդ ֆուտբոլիստը։
Խոսելով թիմակիցների և նոյեմբերին սպասվող հանդիպումների մասին՝ Ղարիբյանն առանձնացրել է հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի խաղամակարդակը.
«Սպերցյանի խաղամակարդակն ակնհայտորեն տարբերվում էր։ Ինչ վերաբերում է առաջիկա հանդիպումներին, ապա կարծում եմ՝ նոյեմբերին մենք կկարողանանք հաղթանակ տոնել երկու խաղում էլ։ Հուսով եմ՝ վնասվածքների հետ կապված խնդիրներ չեն լինի, և տղաները լավ մարզավիճակում կմոտենան հավաքին, այդ թվում՝ և ես»։
Հիշեցնենք, որ 194 սմ հասակ ունեցող կենտրոնական հարձակվողը Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտը նշեց սեպտեմբերի 25-ին կայացած Լատվիայի ընտրանու դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով և անմիջապես դառնալով գոլի հեղինակ։

























































