Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 3-րդ տուրի՝ «Լայպցիգի» դեմ կայանալիք տնային հանդիպմանն ընդառաջ հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Պորտուգալացի մասնագետը խոսել է առաջիկա մրցակցի, մրցաշարային նպատակների, ֆուտբոլիստների կարգավիճակի և մրցավարության մասին։
«Լայպցիգի» և Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նպատակների մասին
««Լայպցիգն» այն թիմը չէ, որը խոշոր հաշվով պարտվեց Մյունխենում։ Դա այն թիմն է, որը հաղթեց ՊՍՎ-ին, ունի 3 միավոր և ցանկանում է դուրս գալ հաջորդ փուլ։ Մենք կարճ ժամանակահատվածում 3 հաղթանակ ենք տարել և վերջին խաղում շատ լավ տեսք ունեինք, բայց պետք է շարունակենք նույն ոգով։ Երեք հաղթանակը չի երաշխավորում չորրորդը։
Արդյո՞ք «Ռեալը» ՉԼ-ի ֆավորիտներից է. դեռ շատ վաղ է։ Այս պահին «Ռեալի» նպատակը Չեմպիոնների լիգան հաղթելը չէ, այլ հաջորդ փուլ դուրս գալը։ Երբ հավաքենք անհրաժեշտ 11 միավորը, հաջորդ խնդիրը կլինի անցումային փլեյ-օֆֆից խուսափելը, որի միջով ստիպված եղանք անցնել նախորդ մրցաշրջանում։ Դրանք լարվածությամբ ու պատասխանատվությամբ լի երկու լրացուցիչ հանդիպումներ են։ Զգացողություն ունեմ, որ լավագույն ութնյակում հայտնվելու և փլեյ-օֆֆից խուսափելու համար շատ միավորներ են պետք լինելու։ Շարժվում ենք քայլ առ քայլ»։
Վինիսիուսի «անձեռնմխելի» կարգավիճակի և Դիոմանդեի մասին
«Անձեռնմխելի է միայն ակումբի զինանշանը։ Ես չեմ սիրում «անձեռնմխելի ֆուտբոլիստ» հասկացությունը։ Խաղացողին անձեռնմխելի չեն դարձնում նրա կարգավիճակը, ավագի թևկապը, ակումբում անցկացրած տարիները կամ նրա համար վճարված գումարը։ Ֆուտբոլիստին անձեռնմխելի է դարձնում միայն խաղադաշտում ցուցադրած խաղը։ Ինչ վերաբերում է վաղվա հանդիպմանը՝ կարող եմ հստակ ասել, որ Վինիսիուսը խաղալու է, իսկ Դիոմանդեն դեռ չգիտի՝ կմասնակցի խաղին, թե ոչ»։
Վալդեբեբասում տարվող աշխատանքի և Բելինգհեմի մասին
«Երեկ գիշեր ես մնացել եմ մարզաբազայում, բայց ցերեկը քնել եմ ու չեմ աշխատել։ Այստեղ անցկացրած ժամերը դեռ չեն նշանակում, թե դու անընդհատ աշխատում ես. խաղացողը կարող է նույնիսկ թաքուն դուրս գալ մեքենայով, և բոլորը կմտածեն, թե նա դեռ ներսում է (ժպտում է — խմբ.): Բայց դրական առումով ինձ շատ է դուր գալիս, որ խոսում են Ջուդ Բելինգհեմի վերականգնման մշակույթի և ամեն մանրուքի նկատմամբ ուշադրության մասին, քանի որ դա ճշմարտություն է։ Նա միշտ կեսօրից հետո գալիս է ֆիզիոթերապևտի մոտ։ Բայց որպեսզի ֆուտբոլիստներն այստեղ լինեն, պետք է տեղում լինեն նաև բժշկական շտաբն ու մարզչական անձնակազմի անդամները։ Այս կոլեկտիվ դինամիկան ինձ շատ է դուր գալիս»։
Գյուլերի, Վալվերդեի դիրքերի և տակտիկական ճկունության մասին
«Նրանց համար լավագույն դիրքը խաղադաշտում լինելն է։ Երկուսն էլ ունիվերսալ են և կարողանում են հարմարվել տարբեր դիրքերի։ Յուրաքանչյուր խաղ և մրցակից մի գլուխկոտրուկ է, որը փորձում ենք հավաքել։ Ես փորձում եմ գտնել լավագույն համադրությունը՝ թիմին հավասարակշռություն և որակ տալու համար։ Ես հիմա էլ կարծում եմ, որ եթե Հռոմում առաջին րոպեներից խաղայինք Բեռնարդուի և Արդա Գյուլերի հետ, մենք 5 գոլ բաց կթողնեինք, քանի որ չէինք դիմանա մրցակցի մեկնարկային ինտենսիվությանը։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։
Ինչ վերաբերում է Էսպիի և Մբապեի համատեղ խաղին՝ դժվար է նրանց միաժամանակ մեկնարկային կազմում ընդգրկելը։ Նրանք կարող են միասին խաղալ 4-4-2 սխեմայով, բայց մեր եզրայիններով դա կվերածվի 4-2-4-ի։ Նման խելահեղ բաներ կարելի է անել, երբ մրցակիցը հոգնած է, փակված է սեփական տուգանայինում և չի կարողանում 2-3 փոխանցում կատարել, ինչպես եղավ Հռոմում։ Պետք է կարողանալ կարդալ խաղը»։
Թիմի ներկայիս վիճակի և ղեկին անցկացրած 100 օրվա մասին
«Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Մենք այստեղ ենք ընդամենը 3-4 ամիս, և անհնար է արդեն լինել այն կետում, որտեղ ուզում ենք։ Հասկանում եմ, որ «Ռեալում» պահանջներն ամենաբարձրն են՝ նախկինում այստեղ աշխատել եմ 3 տարի և քաջ գիտակցում եմ դա։ Ես կամակոր մարզիչ չեմ, չեմ ապրում ու մեռնում միայն մեկ գաղափարով. միշտ բաց եմ վերլուծելու և թիմի համար լավագույնը գտնելու համար։ Ես այստեղ չեմ եկել 200 օր կամ 3 տարի մնալու նպատակով. եկել եմ ամեն օր առավելագույնը տալու և ավելի լավ ապագա կառուցելու համար»։
Մրցավարության և «Բարսելոնայի» խաղացողների՝ VAR պահանջելու կադրերի մասին
«Վաղվա խաղը սպասարկելու է բացառիկ որակներ և բնավորություն ունեցող մրցավար՝ Իշտվան Կովաչը, ով կատակներ չի սիրում։ Հաշվի առնելով նրա մակարդակը՝ կարծում եմ, որ VAR-ը նրա ներկայությամբ մեծ դեր չի խաղա։ Շատ ուրախ եմ, որ նման կարևոր խաղում նա է լինելու մրցավարը։
Իսկ ինչ վերաբերում է իսպանացի մրցավարներին՝ մրցավարական կոմիտեի նախագահը ճիշտ ինձ պես է վարվում։ Ինձ համար իմ ֆուտբոլիստներն աշխարհում լավագույնն են, իսկ նրա համար՝ իր մրցավարները։ Ես ծափահարում եմ դա, քանի որ միանգամայն նորմալ է, որ նա պաշտպանում է իր մրցավարներին այնպես, ինչպես ես՝ իմ խաղացողներին»։
Հիշեցնենք, որ 2026/27 մրցաշրջանում «արքայական» ակումբը Լա լիգայի 9 տուրից հետո վաստակել է 21 միավոր և ընթանում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում։ «Ռեալ» — «Լայպցիգ» հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ հոկտեմբերի 21-ին, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
























































