Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կոշտ պատասխան է տվել Մադրիդի «Ռեալի» պաշտոնական հայտարարությանը, որով «արքայական» ակումբը պահանջել էր իր անհապաղ հրաժարականը։
Հիշեցնենք, որ մադրիդյան գրանդի ղեկավարության զայրույթը հարուցել էր Տեբասի այն հայտարարությունը, որով նա ակումբային հեռուստաալիքի գործունեությունը համեմատել էր նացիստական Գերմանիայի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսի մեթոդների հետ։
Սոցիալական ցանցերի իր էջերում Տեբասը հանդես է եկել պատասխան գրառմամբ.
«Ես արդեն հաշիվը կորցրել եմ, թե 13 տարվա ընթացքում «Ռեալի» ղեկավարները քանի անգամ են պահանջել իմ հրաժարականը կամ փորձել վարկաբեկել ինձ՝ բողոքներ Սպորտի բարձրագույն խորհրդին՝ ուղղակիորեն կամ երրորդ անձանց միջոցով, քրեական հայցեր… Այսօրվա հայտարարությունը պարզապես հերթականն է։ Իսկ ահա պատասխաններ մինչ օրս չկան։
Նրանք շփոթում են չեզոքությունը անկախության հետ։ Իմ պաշտոնը պահանջում է անկախություն, այլ ոչ թե պասիվություն՝ անարդարության հանդեպ, կամ լռություն՝ «Ռեալի» հեռուստաալիքի և նրանց կամակատարների կողմից մեր մրցաշարի դեմ ուղղված անընդհատ, անհամաչափ ու վիրավորական հարձակումների առաջ»։
Ֆունկցիոները նաև հատուկ ընդգծել է, որ Լա Լիգան հենց ամենասկզբից գործուն քայլեր է ձեռնարկել «Նեգրեյրայի գործով» և զգալի առաջընթաց է գրանցել մրցավարական համակարգի բարեփոխման հարցում։
«Իմ եզրակացությունը մեկն է. նրանք ձգտում են ոչնչացնել ազգային առաջնությունը։ Այն, ինչին նրանք մինչ օրս չեն կարողացել հասնել Սուպերլիգայի միջոցով», — հավելել է Տեբասը։
Հավելենք, որ 64-ամյա Խավիեր Տեբասը Լա Լիգան գլխավորում է 2013 թվականի ապրիլից։ 2023 թվականի դեկտեմբերին նա վերընտրվել է չորրորդ ժամկետով և պաշտոնավարելու է մինչև 2027 թվականը։























































