Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոն դատապարտվել է ճանապարհային երթևեկության անվտանգության դեմ ուղղված հանցագործության համար։ Այս մասին հայտնում է Canarias 7 պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել դեռևս օգոստոսի 16-ին Գրան Կանարիայում։ Ֆուտբոլիստը բերման է ենթարկվել իր Porsche մակնիշի ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարելիս։ Նրա արտաշնչած օդում ալկոհոլի պարունակությունը կազմել է 0,90 մգ/լ, ինչը գրեթե չորս անգամ գերազանցում է թույլատրելի առավելագույն շեմը (0,25 մգ/լ):
Արագացված դատավարության արդյունքում Ասենսիոն տուգանվել է 14 400 եվրոյով և ութ ամսով զրկվել վարորդական իրավունքից:
Սակայն սա «Ռեալի» խաղացողի միակ իրավական խնդիրը չէ։ Առաջիկա օրերին Ասենսիոն մադրիդյան ակումբի ակադեմիայի ևս երեք նախկին խաղացողների հետ կրկին կկանգնի դատարանի առաջ՝ երկու կանանց ինտիմ բնույթի տեսանյութեր առանց նրանց համաձայնության տարածելու աղմկահարույց գործով։
Այնուամենայնիվ, նշվում է, որ դատախազությունը պատրաստվում է հետ կանչել Ասենսիոյի դեմ առաջադրված գաղտնիքի հրապարակման մեղադրանքը, եթե տուժողները դատական նիստի ընթացքում հաստատեն, որ ներել են նրան։ Ըստ աղբյուրի՝ այս գործում ֆուտբոլիստն ունեցել է միայն երկրորդական մասնակցություն, ինչի շնորհիվ կարող է խուսափել նոր դատավճռից։

























































