«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց թիմի 22-ամյա հենակետային կիսապաշտպան Մարկ Կասադոյի տեղափոխության մասին։ Իսպանացի ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով միացել է Լա Կորունյայի «Դեպորտիվոյին»։
Կողմերի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը և ներառում է ֆուտբոլիստի տրանսֆերը 30 միլիոն եվրոյով գնելու իրավունք։ Կասադոյի գործող հիմնական պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը գնահատվում է 18 մլն եվրո։
Մարկ Կասադոն «Բարսելոնայի» համակարգում էր 2015/16 մրցաշրջանից։ Նա գլխավոր թիմում իր նորամուտը նշել է 2022/23 մրցաշրջանում՝ Չեմպիոնների լիգայի՝ «Վիկտորիա Պլզենի» դեմ խաղում, իսկ 2024 թվականի ամռանը Հանսի Ֆլիկի գլխավորությամբ դարձել է առաջին թիմի լիարժեք անդամ։
Ընդհանուր առմամբ, 22-ամյա ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 75 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Միայն նախորդ՝ 2025/26 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել էր 34 հանդիպման, սակայն ընթացիկ մրցաշրջանում դեռ խաղադաշտ դուրս չէր եկել։ «Բարսայի» հետ Կասադոն նվաճել է 5 տիտղոս՝ դառնալով Լա Լիգայի կրկնակի չեմպիոն (2024/25, 2025/26), Իսպանիայի գավաթակիր (2024/25) և Սուպերգավաթի կրկնակի հաղթող (2024/25, 2026)։
Նոր թիմում իսպանացի կիսապաշտպանը կփնտրի կանոնավոր խաղային պրակտիկա՝ որպես ֆուտբոլիստ էլ ավելի զարգանալու և աճելու նպատակով։
«Մեզ միացել է մեծ ներուժով և ունիվերսալությամբ աչքի ընկնող ֆուտբոլիստ, ով արդեն իսկ ապացուցել է իր բարձր կարգը և ունի ինչպես ներքին, այնպես էլ միջազգային հանդիպումների հարուստ փորձ»,— ասված է «Դեպորտիվոյի» տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ Լա Լիգայում հանդես եկող «Դեպորտիվոն» այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։ Առաջիկա հանգստյան օրերին՝ Պրիմերայի 4-րդ տուրի շրջանակում, թիմն արտագնա խաղում ուժերը կչափի «Վիլյառեալի» հետ, որտեղ հնարավոր է կայանա Կասադոյի նորամուտը նոր ակումբի կազմում։


























































