Մադրիդի «Ռեալում» հիացած են իսպանացի եզրային պաշտպան Մարկ Կուկուրելյայի տրանսֆերով։ Աշխարհի նորընծա չեմպիոնը Մադրիդ կժամանի և թիմին կմիանա օգոստոսի սկզբին։
Աշխարհի առաջնության ամենաթեժ պահին «արքայական» ակումբը զարմացրեց բոլորին՝ ավարտին հասցնելով Կուկուրելյայի տեղափոխությունը։ «Սերուցքայիններն» առաջ անցան «Բարսելոնայից» և Մադրիդի «Ատլետիկոյից», որոնք նույնպես ցանկանում էին ձեռք բերել ֆուտբոլիստին, և պայմանագիր կնքեցին աշխարհի նորընծա չեմպիոնի հետ՝ ձախ եզրն ուժեղացնելու նպատակով։ Միջազգային մրցաշարում նրա ցուցադրած փայլուն խաղից հետո Մադրիդում պարզապես հիացած են այս համալրմամբ։
Այս տրանսֆերի կապակցությամբ իրենց ուրախությունն են հայտնում ոչ միայն ակումբի ղեկավարները, այլև ֆուտբոլիստները։ Առաջիններից մեկն արձագանքել է բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն, ով Կուկուրելյայի հրապարակումներից մեկի մեկնաբանություններում գրել է.
«Շնորհավո՛րում եմ տիտղոսի կապակցությամբ։ Սպասում ենք քեզ աշխարհի մեծագույն ակումբում»։

Սա «Ռեալի» ֆուտբոլիստների կողմից միակ ջերմ խոսքը չէ: Արգենտինայի դեմ եզրափակչից անմիջապես հետո Վինիսիուսը, ով լինելու է Կուկուրելյայի խաղընկերը նույն եզրում, իր ինստագրամյան էջում շնորհավորել էր իսպանացուն.
«Շնորհավորում եմ և բարի գալուստ, Կուկու»։
Բացի այդ, իսպանացի պաշտպանի հրապարակումներն արժանանում են Մադրիդի «Ռեալի» այնպիսի աստղերի հավանումներին, ինչպիսիք են Տիբո Կուրտուան և Անտոնիո Ռուդիգերը։
«Արքայական» ակումբը հույս ունի, որ Կուկուրելյայի տրանսֆերը կօգնի փոխել ստեղծված իրավիճակն ու ընդհատել առանց խոշոր տիտղոսների մնալու երկամյա տխուր շարքը։ Մադրիդը գրկաբաց է ընդունում աշխարհի չեմպիոնին:























































