Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն իր տիկտոկյան ալիքում կիսվել է Աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակչի տպավորություններով, որտեղ Իսպանիայի հավաքականը նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթել է Արգենտինային և նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Ֆուտբոլային աշխարհը շարունակում է հիանալ Իսպանիայի հավաքականով, որը չեմպիոնության ճանապարհին պայքարից դուրս թողեց այնպիսի ֆավորիտների, ինչպիսիք են Արգենտինան, Ֆրանսիան և Պորտուգալիան: Բրազիլացի նախկին ֆուտբոլիստը նույնպես անմասն չի մնացել և գովերգել է իսպանացիների խաղաոճը՝ միաժամանակ կոշտ քննադատության ենթարկելով արգենտինացիներին։
«Սա պատմական օր էր սպորտային առումով, քանի որ Իսպանիան իշխում էր խաղադաշտում սկզբից մինչև վերջ՝ ճիշտ այնպես, ինչպես ես սպասում էի: Իսպանացիներին պարզապես չհաջողվեց ավելի շատ գոլեր խփել, և նրանք չհաղթեցին այն հաշվի տարբերությամբ, որին արժանի էին, բայց դա բացարձակ գերիշխանություն էր ողջ հանդիպման ընթացքում»։
«Դա իսկական ծեծ էր։ Իսպանիայի և Արգենտինայի միջև որակային տարբերությունը շատ մեծ է։ Անգամ Մեսսիին ունենալով՝ արգենտինացիները չկարողացան հավասարվել նրանց։ Արգենտինան չպայքարեց այն կրքով ու ցանկությամբ, որն իրենց ուժեղ կողմն էր ողջ մրցաշարի ընթացքում: Տաղանդավոր խաղացողը կարող է մեկ հանդիպում շահել, բայց Աշխարհի առաջնությունում հաղթելու համար թիմային ուժ է պետք, ինչը ցույց տվեց Իսպանիան։ Շատ կարևոր է խաղալ որպես մեկ միասնական մեխանիզմ»։
«Արգենտինան երբեք լավ ֆուտբոլ չխաղաց այս առաջնությունում, նրանք միայն կատաղի պայքարում էին, բայց գեղեցիկ չէին խաղում։ Իսկ Իսպանիան ունի յուրահատուկ խաղային ԴՆԹ, նրանք գեղեցիկ ֆուտբոլ են ցուցադրում: Բրազիլական ավանդական «Joga Bonito»-ն մնացել է անցյալում, հիմա Իսպանիայի խաղաոճը լավագույնն է աշխարհում»։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ում բրոնզե մեդալները նվաճել է Անգլիայի հավաքականը, իսկ Ֆրանսիան զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:

























































