Անվանի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն արդեն կողմնորոշվել է այն ֆուտբոլիստների հարցում, որոնք պետք է հեռանան Մադրիդի «Ռեալից» իր՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո։
Մասնագետն «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսին արդեն հայտնել է այն խաղացողների անունները, որոնք չեն մտնում նոր մրցաշրջանի իր ծրագրերի մեջ, հաղորդում է լրագրող Ռամոն Ալվարեսը։
Նշվում է, որ հեռացողների ցուցակում են հայտնվել պաշտպաններ Ռաուլ Ասենսիոն և Ֆրան Գարսիան, կիսապաշտպաններ Դանի Սեբալյոսն ու Էդուարդո Կամավինգան, ինչպես նաև վինգերներ Ֆրանկո Մաստանտուոնոն և Ռոդրիգո Գոեսը։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի՝ հունիսի 3-ին, Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ ընտրություններում հաղթելու և մադրիդյան ակումբի նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում գլխավոր մարզչի ղեկը կվստահի 63-ամյա պորտուգալացուն։
Հավելենք նաև, որ ավարտված մրցաշրջանում Մոուրինյուն գլխավորում էր պորտուգալական «Բենֆիկան», որի ղեկին անցկացրել է 45 հանդիպում՝ տոնելով 27 հաղթանակ, 10 անգամ գրանցելով ոչ-ոքի և կրելով 8 պարտություն։

























































