«Матч ТВ»-ի հաղորդավար և հայտնի մեկնաբան Դմիտրի Գուբերնիևը կոչ է արել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին չտեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։
Ավելի վաղ ֆուտբոլիստի հայրը՝ Մկրտիչ Սպերցյանը, հաստատել էր, որ իր որդին առաջարկ ունի Սաուդյան Արաբիայից, սակայն հերքել էր այն տեղեկությունը, թե Էդուարդն արդեն համաձայնել է տեղափոխությանը՝ ընդգծելով, որ նրա համար առաջնահերթությունը Եվրոպան է։
«Սպերցյանն ընտրության առաջ է. կամ լճացում Սաուդյան Արաբիայում, կամ վառ պայքար Ռուսաստանի առաջնության ոսկե մեդալների համար։ Այդ լճացումը կարող է լինել ֆուտբոլային, բայց ոչ ֆինանսական առումով։ Սպերցյանը պետք է որոշում կայացնի։ Այն, ինչ իրեն կարող է թույլ տալ Կրիշտիանու Ռոնալդուն, որն արդեն բոլորին ամեն ինչ ապացուցել է, մեկ այլ պատմություն է, իսկ Սպերցյանի պարագայում իրավիճակը բոլորովին այլ է»,- նշել է Գուբերնիևը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ֆուտբոլիստի առաջնահերթությունը Եվրոպան է՝ մեկնաբանն ասել է.
«Եթե նրան դեռ չեն կանչում, նշանակում է՝ նրա մեջ պոտենցիալ չեն տեսնում, թեև նա լավ ֆուտբոլիստ է։ Ընդհանրապես, տարօրինակ ընտրություն է՝ Եվրոպայի և Սաուդյան Արաբիայի միջև։ Ամեն դեպքում, քանի դեռ առաջարկներ չկան, նրա մեջ եվրոպական առաջնության մակարդակի ֆուտբոլիստ այնքան էլ չեն տեսնում։ Ուստի մնա՛, սիրելի ընկեր Սպերցյան, «Կրասնոդարում», պայքարի՛ր չեմպիոնության համար, ուրախացրո՛ւ ռուս երկրպագուներին»։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կլրանա Սպերցյանի 26-ամյակը։ Նախորդ մրցաշրջանում «ցուլերի» սանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։





















































