Հայտնի է դարձել Անդրես Ինիեստայի մարզչական կարիերայի առաջին ակումբը։
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինիեստան կդառնա ԱՄԷ-ն ներկայացնող «Գալֆ Յունայթեդի» գլխավոր մարզիչը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ կողմերն արդեն համաձայնեցրել են համագործակցության պայմանները, և առաջիկայում պայմանավորվածությունները պաշտոնապես կհաստատվեն։
Իր խաղային կարիերայի ընթացքում Անդրես Ինիեստան երկար տարիներ հանդես է եկել «Բարսելոնայում», որի կազմում 9 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է երկրի 6 Գավաթ և 6 Սուպերգավաթ։ Միջազգային ասպարեզում կատալոնացիների հետ ֆուտբոլիստը դարձել է Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, երկու անգամ նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և երեք անգամ՝ Ակումբային աշխարհի առաջնության գավաթը։
Բացի այդ, լեգենդար կիսապաշտպանը հանդես է եկել ճապոնական «Վիսել Կոբեում» և էմիրաթական «Էմիրեյթսում»։ Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Ինիեստան դարձել է Աշխարհի չեմպիոն և կրկնակի Եվրոպայի չեմպիոն։
Հավելենք, որ «Գալֆ Յունայթեդը» հանդես է գալիս ԱՄԷ-ի առաջնության երկրորդ դիվիզիոնում և ներկայումս մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։























































